Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/446

Այս էջը հաստատված է

դեպի նա դառնալով,— յանի ձեր ծաղկասարեցին կտաներ հա՞… թէ ընենց՝ փչում ես…

Ապա համառ ու խիստ ինձ նայեց ու ասաց.

— Երեք մանեթից պակաս չի ըլի, պ. Երվանդ, թե Ծաղկասար էլ գնալու ըլեք՝ չորս մանեթ… կուզեք կտանեմ, չեք ուզի, հրեն ձեր չէ» չեյերը[1]. սելիցը վեր գրեք՝ ես գնամ…

Այլևս համբերել անհնար էր. չափազա՛նց հանդուգն էր դառնում գյուղացին։ Անմիջապես կորզեցի վար դրի մեր պայուսակն ու գորգը և ասացի.

— Լավ. դե հիմի գնա՛, մինչև գյուղը չորս վերստ է մնացել․ ինչպես լինի կգանք, բայց դու այլևս կո՛պեկ չես ստանա ինձնից։

Սայլապանը ելավ սայլի վրա, խարազանը ձեռքն առավ, սանձերը ժողովեց ու մի տեսակ համարձակ ժպիտ դեմքին՝ կանչեց.

— Կստանամ… արխեին[2] կաց…

— Գնա տեսնենք ինչպե՞ս կստանաս… Դատի դիմիր, եթե կուզես

— Ինչի՞ դատաստան,— ասաց նա,— իմ դատաստանը հրես ա՜յ իմ պլետնա[3] ա…

— Ինչպե՜ս…

— Ընե՛նց… իմ դատաստանը ես իմ ձեռքովս կտեսնամ… հրես ա՛յ, պլետս սաղ կենա։

Արյունը գլխիս խփեց․ վայրկենական զարմանքից հետո, չգիտեմ ինչպե՞ս եղավ, ոստնեցի դեպի նա, բռնեցի ցույց տված «պլետի» ծայրից, քաշ տվի, խլեցի և նրանով ուժգնությամբ սկսեցի հարվածներ տեղալ գլխին։

Սոսկման ու զարմանքի մի ճիչ դուրս թռավ գյուղացու բերնից, ճգնեց սանձերը ժողովել, բայց շփոթվեց․ և որովհետև ես շարունակում էի հարվածել՝ ցած թռավ սայլից։ Կարծեցի պիտի պաշտպանության դիմեր, սայլի մեջ դրած ցուպը վերցներ, վրաս հարձակվեր…

Այնուամենայնիվ ետ չքաշվեցի։

Այստեղ սակայն Գևորգը, որ ապշած կեցել էր, վարակվեց ինձնից. անմիջապես կորզեց ձեռքիցս խարազանը, ընկավ գյուղացու վրա և տո՛ւր թե կտաս…

  1. իրեղենները
  2. միամիտ
  3. խարազան