Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/449

Այս էջը հաստատված է

հեր են։ Ստրկական ինքնապաշտպանության բնազդնե՛րն են մեր մեջ զարգանում միայն, իսկ անձնասիրությունը անհա՛յտ գաղափար է այս կողմերում,.. Ամեն ինչ միաբանած՝ ժողովրդին կրթում են այդպես..»

— Անասունը գոնե կծում է,— մռմռաց Գևորգը,— ինչքան էչ ուժեղի պատահի, նախ կծում է, հետո մեռնում… Մեղուն իր մահվան գնով պաշտպանում է իր հասարակությանը…

— ճի՜շտ է,— շարունակեց Վարդոն,— մե՛նք էլ կծել գիտենք… մեզնից թույլերին, մեկմեկո՛ւ կծել… Մարդը կարծում էր, թե հոխորտալով կհաջողվի կողոպտել ձեզ. այժմ քծնում է, որովհետև զգաց, որ այդ ձևն ավելի նպաստավոր է… Ու հաջողվեց, հավաստի եմ, որ կտաք նրան ուզածին չափ, ծեծեցիք և դա ճնշում է այժմ ձեզ. խղճահարությունից՝ ուզածը պիտի տաք…

— Իսկ որ ծե՞ծ կերավ…

— Ոչի՛նչ, սովոր է մեր մեջքը,— ժպտաց դառնությամբ Վարդոն,— կոշտեր են գոյացել մեր մեջքերի վրա այնպես, ինչպես ոտքերի մատներին՝ նեղ կոշիկների մեջ ճնշված… Որպեսզի ծեծը բարկություն գրգռի, նախ հարկավոր է, որ կաշին նուրբ, զգայուն չինի և կոշտերից ազատ։ Իսկ կոշտերից ազատվելու համար…

— Ազատվելու համա՞ր…

— Միայն մի հնարք կա… լայն կոշիկներ հագնել, նեղ կոշիկն ընդմիշտ դեն շպրտել… Այո՜, լա՞յն, շա՜տ լայն…

1905


ԽԱՂ 1

Գյուղի այդ ծայրում, վերջին տներից և ծառաստաններից հետո, խճուղու եզրից սկսած, գոգաձև բարձրանում է մի ծործոր, որ օրվա մեծ մասը գրեթե ստվերի մեջ է՝ թե ետևի և թե երկու կողերի բլուրների շնորհիվ։

Ստվեր ձգող այդ շրթունքների առապարներից ցած, ամբողջ տարածությունը բռնել է մի ծաղկալից մարգագետին, որ մշտապես օրորվում է փչող սյուքից և գնալով ավելի դալարագեղ դառնում վտակների ափերին։