Թփին չհասած, նկատեցի սագերի երամներ, որոնք օրորուն, սպիտակ ամպերի շարժուն քուլաների նման սահում էին խոտերի մեջ։
Հետո աչքիս խփեցին մի քանի սև, թավոտ գլուխներ և բանից դուրս եկավ, որ տավարածների մի փոքրիկ խումբ, ինձնից առաջ գրավել էր թե՛ թուփը և թե՛ նրա շրջապատը։
Կարմիր ու դեղին հագուստներով, փոքրիկ աղջիկներ էլ երևացին․ միմյանց մոտ շարքին կանգնած՝ երկար ճիպոտներ ձեռքերին։
Մոտենալով, համրեցի. յոթ-ութ տղա էին, չորս-հինգ աղջիկ։ Ըստ երևույթին, ամբողջ լեռնալանջի վրա գտնվողներն էին, որ տավարներին թողել հասնելու մինչև բլուրների ծայրերը, իրենք միմյանց ձայն էին տվել և մամուխի թփի մոտ սագարած աղջիկների շուրջը ժողովվել:
Այդպես էլ էր. աղջիկներն ինձ տեսնելիս՝ կանգնել էին, իսկ տղաներից մեկը երեսի վրա փռվել, մյուսը՝ կկզած, մի քանիսն էլ մամխի ետևը կանգնած՝ դիտում էին գնալս։ Երկուսն էլ քարակույտեր կազմել, աթոռ էին դարձրել ու վրան հեծել։
— Բարև, տղա՛յք,-կանչեցի հեռվից։
Մեկը, որ ամենից առաջ էր նստել, դարձավ մյուսներին ու ձայնեց
— Պ. Երվանդն ա էլել, տո՜… ես էլ ասի, թե էս քաղքցին ո՞վ ա, որ գալիս ա դեսը…
— Եկել ես մա՞ն գալու,— հարցրեց քարակույտի վրա նստողներից մեկը։
— Համեցե՛ք,– արեց մի երրորդը,— ըսենց լավ տեղ սկի չես գտնիլ…
— Իսկ դո՞ւք ինչու եք հավաքվել այստեղ,-հարցրի ես՝ մոտ գնալով։
— Հրեն ա…՜— արեց մեկը և ձեռքի փայտը դեպի վեր պարզեց,-էն տավարները մերն ա… արածացնում ենք։
— Հազըր ասես սինձ ենք ուտում,— ծիծաղեց պառկողը և առաջը կիտված խոտերի փնջերից պոկեց ու սկսեց ծամել։
Մոտեցել էի բոլորովին։ Ամենքը ժպտուն ինձ նայեցին և «տեղ տվին»։
Ծիծաղելի տեսք ունեին բոլորն էլ։ Հագել էին պատառոտուն, տասը տեղից կարկատաններով լեցուն, ամեն կողմից ծվեններ կախված արխալուղ. վարտիքի փոխարեն՝ ինչ-որ աղտոտ կարճ կտավ՝ մինչև ծընկները, ոտերնին՝ տղմուտ[1]՝, բոբիկ, գլխնին կարտուզ[2] էր կամ փափախ,