Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/455

Այս էջը հաստատված է

Մտածեցի միջամտել, սակայն Քանազը դարձավ դեպի աղջիկներն ու կանչեց.

— Ադա Թագո՜ւշ, ախչի բա չե՞ք տեսնում, ղազերը ձորն են թափվում է՜ է՜…

Աղջիկները ցնցվեցին, ոտքի թռան ու փայտերը բարձրացրած՝ վազեցին դեպի սագերը, որրնոք կչկչալով ու խմբովին, գլուխները ցցած՝ դիմում էին ձորակը։

— Ա ղազը, էդ ո՞ւր եք գնում,— ճչում էր մի աղջիկ,— տո ձեզ՞ չեմ ասում… ա՛ ղազը, ղա՛զը…

— Ծարավ են հալբաթ,— դիտեց Տելոն։

Եվ բոլոր մանուկները դարձան դեպի վազող աղջիկներն ու լուռ՝ հետևում էին նրանց հետապնդումներին։

Մի քանի րոպե սարալանջի վրա միայն սագերի կչկչոցն ու թևերի թափահարումներ լսվեցին, հետո՝ աղջիկների կանչեր, որոնք իջնում էին դեպի ձորը՝ փախչող թռչունների հետ…

2

Այդ միջոցին էր, որ խճուղու վրա երևաց փոշու մի թեթև պտույտ մղված Սարշենի կողմի քամուց։ Հետո, միմյանց ետևից հայտնվեցին չորս—հինգ արագավազ ձիավորներ։

Առաջին արշավողն աջ ձեռքով փայտը ծնկների վրա ցցած, չերքեզկայով երկարահասակ անձ էր։ Ծանոթ դեմք էր թվում, բայց հեռու լինելով՝ ճանաչել չկարողացա։ Կողքից քայլում էր սև չերքեզկա հագած, կիսափափախով մի նիհար ձիավոր, որ մտրակն էր շարժում անընդհատ և խոսակցում առաջինի հետ։ Նրանց ետևից գնում էր կուզ, կարտուզով ու լիքը դեմքով անձ, իսկ ամենից հետո էլ երկու ուրիշները, որոնցից մեկը շրջանական ոստիկան զինվոր էր երևում հրացանը մեջքին, նշանազգեստով և երկար սուրը կողքից։

— Հլա՛, հլա՛…— կանչեց Տելոն,— բնդի՛ մտիկ տվեք, տղե՛րք, ստարջինան[1], սուդիա Մուկուչը, էն մեկն էլ պիսերն ա… հլա ստրաժնիկն[2] էլ հետները… էն ո՞ւր են գնում ըտենց քշելեն։

Ստրաժնիկի հե՞տինն ով ա, տո…— ասաց Քանազը չոքած,– կասես քչքչան Նիկոլն ըլի։

  1. Շրջանակ գյուղապետ։
  2. Պահակ զինվոր։