Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/456

Այս էջը հաստատված է

— Նա ա, որ կա,— պնդեց Արտոն ու թփի միջից գլուխը դուրս պարզեց,— այ տղա, տենաս էդ ի՞նչ ա ըլել։

— Ի՞նչ պիտի ըլի,— ձայնեց պառկած մանուկներից մեկը,—գնում են գեղը վառեն…

— Էրեկ իրիկուն Մելիքենց տան առաջ քյոխվեն, գզիրը, Մելիքն ու Ռաքելը կռվչտորում էին… բալքի ընդի են գնում։

— Չէ՛,— արեց Տելոն,— ընդի չի ըլի. էն կռիվը ջաղացի քարի վրա էր. համ էլ բարըշեցին՝ պրծան։

— Բալքի քչքչան Նիկոլն ա տանում դրանց… էն օրը քաղքցին ա նիկոլը քիչ մնաց իրար ծեծեին,— խոսեց Տազին,— ես տեսա, քաղքցու կնիկը ջուր էր շուռ տվել Նիկոլի օջախի մեջն ու կրակը հանգցրել. Նիկոլի ճղճղան կնիկն էլ մե՜կ ուշունց էր տալիս, մե՜կ ուշունց… քաղաքացին էլ՝ ասա՛ որ կասես, շիլ Գայուշին ցեխը կոխեց ու հանեց…

Տազիի պատմածն իմ ծերունի ընկերոջ կռիվն էր, որ տեղի էր ունեցել երկու օր առաջ, մեծ չափեր էր ընդունել և քչքչան Նիկոլի գնչուական ճիչերն ամբողջ օրը զվարճացրել էր գյուղին:

— Կըլի որ էդ ըլի,—նկատեց Արտոն,— քչքչան Նիկոլը կռվի ա հենց բանդ. կնի՛կն էլ, ո՛ւյ, ու՛յ, ու՛յ… մե՛կ ղարաչին ա, մե՜կ ուշունցի հասրաթ[1]… Որ աչքը, էն շիլ աչքը չի՞ ծռում ու բերանը փրփրոտացնում, կասես ջադու ըլի:

— Դուք սկի՛ բան չեք հասկանում, տո,— ձայնեց Տելոն,— ըհը, կտենաք. էդ աստծու պատիժները գեղն են գնում ուրիշ բանի համար: Տենաս էլի ի՞նչ զուլում են մտածել գեղը կրակ տալու… Յասաո՞ւլը[2] ուր են տանում բաս… Հլա պիսերը, սուդիան… փո՜ւ ես քու կաշի կտրած տրեխ երեսիդ ինչ ասեմ, սուդիա Մուկուչը, էս դիփ քո՛ բաները կըլի… կտենա՛ք. նա՝ ա, որ օձի պես ըստի-ընդի բան ա սարքում, որ ինչ ա՝ ոսկոր հանի միջիցը… Տղերք, հլա մեկ իմ տավարին աչքն ածեք՝ ես գնամ գեղը, տենամ ի՞նչ կա…

— Տո մի՛ գնա, մի՛…— արեց Տազին,— հերդ մեկ ընե՛նց գլխիդ կտա, որ կարտուզն էսհետ մինչև բերանդ կմտնի…

Տելոն, որ պատրաստվում էր գյուղն իջնելու, կանգ առավ և սկսեց ծոծրակը քորել։ Ըստ երևույթին, Զազիի խոսքերի դառն ճշմարտությունը կասեցրեց նրան։

Քանազը ժպտալով նրան նայեց ու հանկարծ ձայնեց.

— Յանի էլ ո՞ւր ես գնում, չե՞ս իմանում թե ալան—թալանը ոնց ա ըլում. ինքդ յանի քի՞չ ես քյոխվա ըլել.

  1. Կարոտ
  2. Ոստիկանական ստորին պաշտոնյա