Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/457

Այս էջը հաստատված է

— Հա՜, տո,— արեց Արտոն,― եկեք խաղանք էլի․․․

Մանուկները զվարթ ծիծաղով միմյանց նայեցին. պառկողները ելան նստեցին, Արտոն մամուխի թփից դուրս եկավ և մինչ աղջիկները սագերին ետ դարձրած՝ մոտենում էին, սարալանջի վրա սկսեց կազմվել մանկական մի հետաքրքիր խաղ։

Անմիջապես Տելոն մոռացավ գյուղը, ուղղվեց ու կանչեց.

— Ես՝ ստարշինա…

— Ընչի՞, տո՛,— գոչեց Քնաղը,— հենց ամեն վախտ դո՞ւ ես ստարշինա ըլելու… Չե՛նք ուզում, դու փիս ես ծեծում… ընենց չի՞, տղերք…

— Հա՜, էսհետ թող ե՛ս ըլեմ ստարշինա,— ասաց Տազին։

— Ադա, դե ձեններգ կտրեք, է՜է՜…— ճչաց Տելոն,— ես ձեր քյոխվան չե՞մ ըլել մինչի օրս, հը՞…

— Հա՛, հետո՞։

— Հետո էլ էն, որ էսօր էլ քյոխվությունից ստարշինա եմ ըլում․․․ կուզենամ, հլա պրիստավ էլ կըլեմ. իմ ձեռքին չի՞։

— Փիե՜…— արեց Արտոն,— ստարշինան յանի քի՞չ ա ծեծում, որ հմի էլ ուզում ես պրիստավ կտրես գլխներիս… չէ, ախպեր, որ ըտենց ա՝ ես չեմ խաղում։

— Ա՛ խալխը,— ձայներ հանկարծ Տելոն ու սպառնալից՝ ոստնեց֊կանգնեց, խլեց գետնի վրայից իր ճիպոտը, կարտուզը պինդ կոխեց գլխին ու սրան֊նրան նայեց,— ինձ պրիսավ չե՞ք ուզում, ա խալխը..․

Միանգամայն սարսափելի էր փոքրիկ բռնավորն իր դուրս ցցած կրծքով, կատաղի հայացքով ու բերնի երկու շարք սևացած, գազանային ակռաներով։ Երևի բոլորն էլ վախեցան։ Աղջիկները, որ մոտեցել էին, միմյանց կպան։

— Վո՜ւյ․․․— արեց մեկը,— կասես գել ըլի։

— Տո գել եմ ու արջ էլ,— գոռաց Տելոն,— բա ընչացո՞ւ քյոխվա եմ, ստարշինա, յա պրիստավ… Ձեր հե՜րը կանիծեմ, թե ինձ նաչալնիկ չեք արել… ընենց օյին դնեմ գլխներիդ, ո՜ր… կթողա՞մ սկի որ խաղաք..

Քանազն ու Տազին ինձ նայեցին՝ կարծես օդնություն խնդրելով։

— Դա ինչ է, Տելո,— միջամտեցի ես,— դու բռնավոր խո չե՞ս։

Թող ընտրեն, էլի՛․ Թե քեզ ընտրեցին՝ կուզես թագավոր եղիր։

— Ընչի՞ թագավոր,– ճչաց Տելոն,— ես ամեն վախտ են ա քյոխվա յա ստարշինա եմ ըլել, ծեծոտել եմ, ո՛ւշունց ավել, ոսկոր կերել, սրան պատմել, նրան հուպ տվել․․․ ուզում ես, որ հմի մեկ ուրի՞շն ինձ ըտենց անի… Չէ՛, թե պրիստավ ա՝ ես եմ, թե նաչալնիկ՝ էլի ես եմ… ուրիշի թողալ չեմ… ա՛րյուն կհանեմ.․․