Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/460

Այս էջը հաստատված է

— Է՜ է՜յ… է՜յ Սրապիոն. Սրա՛պիոն, Սրապիոն, է՜ է՜ է՜յ… Գրիգո՛ր, ա՛յ Գրիգոր, է՛յ, Գրիգո՜ո՜ո՜ր…

Լեռնային կոչի այդ ձևը, որ լավ յուրացրել էր Քանազը, մոտից թեև, հնչեղ չէր, բայց այնքան հաջող ելևէջներ ուներ, որ գնալով աճում էր ալիքների մղման նման զորեղ ցնցումներ գոյացնում, թրթռում էր օդի մեջ ու միմյանց բախելով՝ մեծանում էր հեռուներում։

Անշո՛ւշտ լսեցին այնտեղ, մանավանդ որ Տազին էլ մագլցել էր ամենաբարձր կետի վրա և ելևէջների ուրիշ տեսակ կոչ էր իջեցնում դեպի սարալանջը։ Այդ կոչը ևս իր ինքնատիպ ձևն ուներ: Սկսում էր խորին բամբով, խազերը հատ-հատ՝ մղում էին միմյանց, գոգաձև մասում բախվում և զորեղ ալիքներով հասնում նպատակակետին։

Մինչ այդ, Տելոն թողել էր գահը, գլխարկի տակից ինչ-որ խոշոր դանակ էր հանել և նրանով մամուխի թփից կտրում էր բավական խոշոր ճյուղ։

Ձեռքերի ուժն էր ավելի կտրողը։ Ոլորեց ու կեղևը պոկ տալով հաջողվեց ունենալ գալար ճիպոտ։ Մաքրեց փշերից, կոշտերից, մի քանի անգամ նրանով օդը ծեծեց ու ասաց.

— Լա՛վ ա…

— Ի՞նչ պիտի անես,— հարցրի ես։

— Ղամչի[1] ա։ Ստարշինան առանց ղամչու՝ ո՛նց որ էշն առանց փալանի…

— Է՛յ,— կանչեց մանուկներից մեկը,– տե՛ս, որ պինդ ես խփել, կդնքսենք քեզ, հա՜ա՜… էլ հերիք ա. ընենց վրա ես տալի, կասես զորթանց հենց ստարշինա ըլես։

Տելոն բարկացած նրա կողմը դարձավ։

— Ադա սա՛տկած Կարո,— ձայնեց նա,— որ չխոսաս, չի՞ ըլիլ. չես ուզում խաղալ` հիմիկանց պաշոլ… հրեն էնքան տղերք գան, որ սկի լայեղ էլ չեմ անի ղամչուս ծերը քեզ կպցնի…

Ստվերն սկսում էր կարճանալ. ամենքս քիչ ավելի վեր քաշվեցինք ու տեղավորվեցինք խոտերի մեջ։

Մանուկները կանգնել` սպասում էին մյուսներին։ Տազին ու Քանազը։ վերադառնում էին:

  1. Մտրակ