Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/461

Այս էջը հաստատված է

3

Բոկոտն ու կիսամերկ, աղտոտ, այրված, սնդիկի պես շարժուն և աշխույժ՝ միմյանց ետևից, գրեթե գերվելով էր, որ հինգ—տասը րոպեից հետո, ամեն կողմից, ժողովվեցին մեր նստած տեղը։

Անպատճառ մի-մի ճիպոտ ձեոքներին, շատերը քեղ[1] ծամելիս, մի քանիսն էլ մաստակ՝ փռվեցին խոտերի վրա։ Տելոն նրանց մեջտեղում կանգնած՝ սպասում էր, որ սարալանջերից դեպի մեզ վազողներն էլ հասնեին։

— Դե՜հա, դե՜հա…— անում էր նա,— ադա վազեք է՜է՜…

Ու գալիս էին։ Քիչ հետո, համրեցի մինչև քսան մանուկ՝ զանազան հասակի՝ տասից մինչև տասնհինգ տարեկան։

Ամենքը նախ զարմացած՝ ինձ էին նայում, հետո իրար մոտենում փսփսալով։ Անշուշտ իմ ներկայությունը տարօրինակ էր իրենց, ի՞նչ կար, ինչո՞ւ էի եկել և ե՞ս էի արդյոք ձայն տվողը։

Տելոն կցկտուր ու բարձր հայտնում էր եկողներին, որ «պ. Երվանդը հենց ընենց, եկել ա տենա, թե մենք ո՞նց ենք տավարը պահում», կամ՝ «Ադա՛, դե ի՛նչ կա, եկել ա՝ եկել, խո մեզ չի՞ ուտելու». և կամ՝ «Դե լավ ա, ղոնաղ ա եկել, մենք էլ մեկ օր նրա բաղը կերթանք, մեզ սեմիչկա[2], յա քյալամի կոթ կուտացնի… ընենց չի՞, պ. Երվանդ»։

Ու այսպես, ամենքին ժողովում էր շուրջը, բացատրում, որ խաղ կազմեն։

Քիչ հետո, երբ բավական վիճել ու գոռգոռացել էին, խաղն սկսեցին:

Տելոն ու Քանազը եկան մոտս նստեցին, մանուկները ցանուցրիվ եկան, նստոտեցին, կանգնած մնացին, ու Տա՛զին, որ գզիրն էր, փայտը ձեռքին ման էր գալիս ամենքի մեջ։

— Ադա է՛յ, քո՛ւրդ Տազի,– ձայնեց մեկը,– ինձ չբռնես, թե չէ աստված ա վկա, գեղամիջում կբռնեմ, ընե՛նց մեկ կտամ, որ սաղ օրը վնգստաս…

— Փիե՛…– արեց Տազին,– էդ յանի խա՞ղ էլավ… Որին ասին՝ բռնելու եմ։

— Որ բռնես ու գզիր հալովդ լավ ծեծ ուտես, ո՞նց քեֆիդ կգա,– ծիծաղեց մեկը։

— Գզիր ա,– նկատեց մի ուրիշը,– գլխին էլ կբանփաչեն, ձեռքն էլ կկոտրեն… Պիտի դիմա՛նա…

  1. Բուսատեսակ
  2. Արևաշծաղկի սերմ