Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/463

Այս էջը հաստատված է

ու աղտոտ փափախ, որ նա ցցել էր ծոծրակի վրա հաջողվում էր պահել այնտեղ։ Կոշիկ չուներ. մի ինչ-որ կասկածելի գույնով շորի կտոր, վարի կողմից ատամնաձև ցնցոտիացած՝ վարտիքի տեղ էր ծառայում նրան։

Արտակենտրոնը դեմքն էր. այնքան խորամանկ հայացք կար աչքերի մեջ, որ երբ նրան հայտնեցին, թե պիսեր էր դառնալու, մոռացավ մանուկ լինելը։ Հոգին ամբողջ գծված էր ակնարկի ու բերանի շուրջը:

Երբ ամենքի ուշադրությունն իր կողմը դարձավ, նախ շրթունքները երկարացան, հետո դեմքը, և կանացի զիլ ձայնով կանչեց.

— Հլա՛… քաչալ Տելոն ստարշինա, գիժ Պետին էլ պիսե՞ր… էդ խո հոգի՛ չենք թողալ. սաղ գեղը կվառենք…

—Ղորթ, տո,— ասաց մեկը,— էս երկուսը որ իրար եկան՝ մեզ կդաղեն… Բայց «գիժ Պետին» ընդունել էր առաջարկը, թևի տակ կոխած ցուպը հանեց ուսին դրավ, գնաց դեպի Տելոն ու ասաց.

— Ղա՜բուլ, ես՝ պի՜՛սեր, ի՞նչ ես տալու ամսական։

— Երկու սիլլա՝[1] հարյուր ղամչի[2], տասը քացի… էլա՞վ։

— Էլավ…

Ու նստեց, փայտը կողքին դրեց, մի լայն տերև կտրեց խոտերից, քաղեց, երկար փայտի կտորն էլ գրիչ շինեց և որպես թե գրում էր, կանչեց.

— Հազը՛ր, գոլովա[3]… Ո՞վ ա գանգատավորը։

Երեք մանուկներ, որոնք քիչ առաջ միմյանց հետ խորհրդակցում էին, առաջ եկան, ժպտացին, ծիծաղեցին և վերջիվերջո նրանցից մեկն ասաց.

— Ողջ կենա գոլովա աղան, եկել ենք խնդիրք անենք… Տելոն ավելի ծանրակշիռ դեմք ընդունեց, ուռեց, փքվեց, նրանց նայեց խստությամբ, աչքերը կկոցեց ու ասաց.

— Հը՞, ի՞նչ կա… ո՞ւր ա խնդիրքներդ, տե՛նանք…

— Խնդիրք չենք գրել, տերտերը հարբած էր, տիրացուն էլ այբը տեսնելիս՝ ոնց որ գիժ հաց կերած…

Գիժ Պետին, որ փայտի-գրչի ծայրն էր թքոտում անընդհատ, նման

  1. Ապտակ
  2. Մտրակի հարված
  3. Գլխավոր, ստարշինայի այդպես էլ են կոչում հաճախ