Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/465

Այս էջը հաստատված է

— Ո՞նց չէ… Կարաս՝ հլա մեկ-երկուսն էլ ավելի ասա… Ամա կամաց ասա, որ գրեմ… խոզ Կարապետը… Դե հիմի ասա, հետո՞…

Սկսում էր զվարճալի դառնալ։ Այնքա՛ն ճիշտ էին պատկերացնում իրականությունը, այնքան նման շարժվածքներ, ձայն ու միմիկա էին ընդունել փոքրիկ դերասանները, որ քրքիջներին վերջ չկար։

Գանգատավորները ծոծրակնին էին քորում, գլխարկները մե՛կ թևի տակ, մե՛կ գագաթի վրա դնում, մե՛կ վախեցած ձևացնում իրենց, երբեմն ապուշի դեմք ընդունում և ապշության դիմակի տակ՝ կողմնակի աչք թարթում, խորամանկ ժպիտներ ցույց տալիս հանդիսականներին…

— Գրի՛— արեց մեկը,— գանգատավոր ենք Աման-լպստողանց քոռ Արշակիցը, Տրեխի-կաշի գոմեշանց Արամիցը, Արաղի֊բոչկենց Ստեփանիցը…

— Էդ խո հինգն էլավ…— նկատեց հանդիսականներից մեկը։

— Քու ի՞նչ բանն ա,— բարկացավ նրա վրա ստարշինան,— կուզի՝ թող տասը ըլի։

Իսկ պիսերը մի խեթ հայացքով շանթահարեց խոսող մանուկին և ասաց գանգատավորին.

֊ Էլի՞ կա… Դե հերի՛ք ա, միտս չի մնալ։

— Յանի մտքումդ ո՞ւր ես պահում,— խոսեց կծու հեգնությամբ գանգատավորներից մեկը,— էն ա գրել ես էլի՜…

— Կըլի որ կարանդաշը[1] կոտրվել ա՝ չի գրում,— ծաղրեց մի ուրիշը։

— Ձեր հո՜րն ողորմի,— ասաց պիսերը,— հրես կարդամ՝ տես ո՞նց ա գրում… Շուն֊ուտողանց Սաբոն… էս վրա մեկը… Ստարշինա, մեկ մատդ ծալի՜… ծալեցի՞ր,,. Հը՞, ո՞նց ա… կարանդաշս կո՞տրած ա… Արաղ-կոնծողանց Ստեփանը… է՛ս վրա երկուսը…

— Հա՛, հա՛, հա՛․..— քրքջացին ամեն կողմից,— կարանդաշդ կոտրած ա, Պե՛տի… ըտենց մարդ չկա…

— Բաս որ ասո՞ւմ ի,— արեց գանգատավորը ծաղրալից և խոնարհ,— կարանդաշդ որ մի քիչ թքոտեիր՝ ըտենց չէր ըլիլ։ Արաղի֊բոչկենց Ստեփանն ա. հա՛մ էլ, էդ վրա հի՛նգն ա, երկուսը չի…

— Կա՛ց, կա՛ց,— շփոթվելուց բարկացավ պիսերը,— ո՞նց թե… թող մեկ տեսնե՞մ… Ահա հա՛, տո՛… մթնել ա՛, աչքս չի տեսնում․ վրա երկուսը՝ Գորտ-ծեծողանց խոզ Կարապետն ա… էլա՞վ…

— Էլավ։

Ստարշինա, բաս մեկ մատդ էլ ծալի… Հմի, աղիս ասեմ, վրա երեքը՝ Աման-լպստողանց քոռ Արշակը… Մատդ ծալո՞ւմ ես, գոլովա։

  1. Մատիտ։