Վրա չորսը՝ Տրեխի-կաշի գոմեշանց Արամը. էս մեր ոչ-փուչ Արամն ա… վրա հինգն էլ Արաղի-բոչկենց Տեփանը… Ո՞նց ա, կարանդաշս կո՞տրած ա…
Ու փքված ծիծաղեց։
— Է՛դ ա, կարանդաշը լավ ա գրել։
— Գանգատներդ քանի՞ մանեթի ա,— հարցրեց ստարշինան:
— Մանեթի բան չի, գոլովա…
— Փիե՜,– արեց ստարշինան,– էդ ի՞նչ գանգատ ա, որ փող չկա մեջը… Մենք ըտենց գանգատ չենք ընդունում. ընենց չի՞, պի՛սեր, առանց փողի զակոնը չի բանի…
— Ըտենց ա,— դիտեց պիսերը,— ամա կաց տեսնենք, կըլի որ մանեթի ճոնտը[1] երևա…
— Հլա ասեք տենանք,– աչքը կկոցեց ստարշինան:
Գանգատավորներից մեկն ավելի մոտ եկավ, գլխարկը թևի տակն առավ, պահ մի ծոծրակը քորեց, հիմարի պես ժպտալով նայեց սրան-նրան, հետո խղճալի դեմք ընդունեց հանկարծ ու աղիողորմ ձայնով սկսեց.
— Երեկ իրիկուն չոլումը մեր տավարն էինք արածացնում, մե՛կ էլ տենանք էդ շան տղերքը հարբած՝ Քարկողից են գալիս… «Բարիկուն»-«Աստծու բարին»… «Ա՛ շան տղերք, էս ո՞ւր եք տավարը վեր թողել մեր ճարոցները»[2]… «Փիե՜, ինչի պիտի սա ձեր հարոցը ըլի, սա Կուլտվողանց հարոցն ա»… -«Ա՛ շան տղե՛րք, դուք չե՞ք իմանում, որ Կուլտվող աղեն մեզ ղոուղչի[3] ա դրել…»։ Ու տո՛ւր որ կտաս, փետները քաշեցի՛ն, մեզ մի լավ դնքսեցին… Իրանք էլ ծիծաղում էին… էլ կնի՛կ, է՛լ հոր գյոռը… մի լավ ջարդ ու խուշ արին ու ծիծաղելեն գնացին… Բա աստված վեր կառնի՞, որ էդ հարբան շները մեզ ծեծեն…
— Կա՛ց, կաց, տո՛…- աչքը բարկությունից կկոցեց ստարշինան,— ո՞ւր էիք բաս ձեր տավարը Կուլտվող աղի հարոցները վեր թողել, ադա՛…
— Դե ի՞նչ անեինք, տավարը քաղցա՜ծ, խոտ չկար… համ էլ ախր նրանց ի՞նչ բանն էր… սո՛ւտ էին ասում, թե ղոռուղչի են… հարբել էին, լակել Քարկողումը. Մեղրոտ Գիգոլի հետ շան նման լակել…
Բարձրացավ ընդհանուր քրքիջ։ Մեղրոտ Գիգու ասելով՝ գանգատավորը ստարշինային էր ակնարկում։ Ամենքը կռահեցին: