Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/469

Այս էջը հաստատված է

իսկ Քանազն ուրախ ժպիտը դեմքին՝ շարժվեց տեղիցն ու սրան-նրան նայեց։ Հերթն իրեն էր գալիս այժմ։ Տազին իսկ, առաջ եկավ, բեմ դուրս գալու ժամանակն էր։

Պետին իր փայտի ծայրով մի քանի բան խազխզեց տերևի վրա ու տվավ Քանազին։ Սա դեմքը կնճռեց իսկույն, գլխարկը ետևից առաջ բերավ, ուշադրությամբ նայեց տերևին, մի «հը՜մ» արձակեց, ոտքի ելավ, չուխի ծայրերը ժողովեց ու խիստ դեմքով կանչեց.

- Է՛յ գզիր…

- Հրամայի՛ր, քյոխվա։

Ճի՛շտ Դուզանի գզիրի նման՝ երկար փայտ ձեռքին, կծկված, ամենատխմար դեմք ընդունելով և ժպտուն՝ առաջ եկավ։

- Էս սհաթիս,— կանչեց նրա վրա Քանազը,— գեղամեջ կերթաս, մեկ-մեկ ձեն կտաս էդ հարբաններին, որ էս նմուտիս[1] մեր հրամանոց դեմը դուրս գան… Գանգատավորներ, ադա, հարյուր մանեթը մինչև էգուց կբերեք՝ կբերեք, չեք բերի՝ էլ տավար չեմ թողալ գոմերումդ… Գնա, գզի՛ր…

- Հինգ հոգուն էլ կանչե՞մ, քյոխվա՛։

- Հինգին էլ:

- Բա որ ինձ դնքսե՞ցին:

- Թող հլա մեկ դնքսե՞ն… ընե՛նց ջառմա անեմ, որ սաղ տարին քաղցած զկռտան։

- Բա իմ ջի՞բը ինչ կմտնի։

- Գնա՞, շա՜ն տղա, կարաս, ջիբդ լցրու. թե քոթակ էլ տան՝ գզիր ես, պիտի գակոնի հրամանը կատարես։

- Բա որ չգա՞ն, քյոխվա…

- Տո ես էլ հենց էն եմ ուզում որ չգան է՜է՜…

Տազին ծոծրակը քորեց քիչ ու մտավ մանուկների մեջ։ Իրարանցումն ընկավ։ Խաղը կենդանանում էր։

4

Ասպարեզը դեռ գզիրինն էր։ Նրա խղճից ու ճարպկությունից էր կախված գործունեության ձևը։ Պիտի ասել, որ Տազին պատվական, «ամենալավ տեսակի» գզիր հանդիսացավ, ոչի՜նչ չխնայեց, ո՞չ ոքի չխնայեց։

  1. րոպե