Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/470

Այս էջը հաստատված է

Համարձակ գնաց ամենավերջին մանուկներին, կանգնեց նրանց առաջ ու գոչեց.

— Ադա՛, էյ, Աման-լպստողանց քոռ Արշակ, քյոխվեն քեզ կանչում ա, վեր կաց… Դո՛ւ էլ, տրեխի կաշի Արամ. քեզ էլ ա ուզում, Արաղի-Բոչկենց Տեփան…

— Վա՜յ,— ձայն տվավ առաջինը,— հենց մե՞զ տեսար, ա՛ շան տղա…

— Ուշունց մի՛ տալ գակոնի հրամանը կատարողին,— ճչաց ներշնչաբար Տազին,— վե՞ր կաց գնանք։

— Չի՞ ըլի, Տազի,— ասաց երկրորդը,— չի՞ ըլի, որ գնաս ասես, թե գեղումը չեն, չգտար…

— Ո՞նց կըլի, ադա, քյոխվեն կաշիս կպլոկի։

— Տո գնա ասա քաղաք են գնացել, է՜լի…

— Չի՛ ըլի, չէ՛, վեր կացեք… Դո՛ւ էլ, Շուն-ուտուղանց Սաքո…

Դո՛ւ էլ, Գորտ-ծեծող Կարապետ։

Հինգ մանուկների մի առ մի մատնանիշ արավ, և նրանք, ըստ երևույթին, ընդունեցին խաղը։ Ամենքը ծիծաղում էին։

— Ես չեմ ուզում, կո՛րի գնա,— ասաց մեկը։

— Յանի էդ խա՞ղ էլավ,— ասաց Տազին՝ դերից դուրս գալով։

— Տո ես չեմ Սաքոն, հրեն այ, նրա անունն ա Սաքո։

— Ադա՛, յանի ես քո՞ռ եմ. հենց դո՛ւ ես, որ կաս Շունուտսղանց Սաքոն… վեր կացեք ասում եմ է՜ է՜, թե չէ, էն աստվածը, կերթամ կասեմ, թե չեն գալիս…

— Փիե՜,— արեց մեկը,— գալիս ենք, գալիս, հը՜… ա՛յ ես քու քյուրդ Տազի ասողին հա՜…

— Ադա, եկեք առաջ սրան մի լավ դնքսենք,— աոաջարկեց մեկր։

— Ի՞նձ,— ետ քաշվեց գզիրը բավական վախեցած,— զակոնի հրամանը կատարո՞ղին։

— Տո զա՜կոնս որն ա, յանի չե՞նք իմանում, որ հոգիներս հանելու եք… ինչի՞ ա կանչում քյոխվեն։

— Ծեծել եք Սրապին, Մուկուչին, Գաբոյին…

— Սուտ են ասում, մենք սկի նրանց երեսը չենք տեհել։

— Էդ իմ բանը չի,— արեց Տազին,— ստարշինան թուղթ ա գրել, որ քյոխվեն ձեր ձեռքն ու ոտը կապի՝ ղրկի դիվանխանեն, Քարկող։

Եվ մինչ բացատրում էր, հանցավոր համարվողներից մեկը ոտի ելավ, մի կողմ քաշեց գզիրին ու ժպտալով ասաց. — Չի՞ ըլի, Տազի, որ մի-մի բան տանք քեզ ու ռադ ըլես գլխներիցս… ըհ՜ը, մի մանեթն ինձնից։