մի ջուխտ տրխացու, երկու կոտ ցորեն, մի գառը, երկու բլուլ խոտ… հը՞… հլա ռազի[1] չես, որ սյունից կախած էն չուխեդ էլ չեմ ուզում… իմը քրրքրվել ա… բա որ քյոխվից, ստարշինից, պիսերից, պրիստավից ու նաչալնիկից ազատվելո՞ւ ես… էդ քի՞չ բան ա… ի՞նչ ա, յանի չուխիդ մի փափախ էլ չե՞ս տա, որ գլխիս ծածկեմ…
Ու այնքան բնական էր Տազին այդ միջոցին, այնպե՛ս լավ իրեն վիրավորված էր ձևացնում և դիմացինին հանդիմանական շեշտով ճնշում, որ ամենքն անխտիր երկար ծիծաղեցին։
— Ադա՛,— կանչեց մանուկներից մեկը,— ըսենց ղորթ գզիր սկի՛ տեհել չէի, մեր Սահակին կծալի ու ջիբը կդնի։
— Կասես ջլի՛ս Քարկողի գզիրն ըլի, տո՛,— նկատեց մի ուրիշը,— տեհել եմ. էդ նա՛ ա, որ ըտենց՝ համ եղ ա քսում գլխին, համ էլ մազերը մեկ-մեկ պոկոտում…
Պահ մի խաղը դադարեց՝ տեղի տալով Տազիին ուղղված ընդհանուր հիացմունքին։
Սակայն, դեռ ամեն ինչ չէր վերջացել։ Իրա՛վ է, Տազին մյուս հանցավոր համարվածներին թողեց առայժմ, բայց նա այդ բացատրեց, երբ հեռանում էր։
— Հլա կաց էս մեկի համար քյոխվին իմաց տամ, հետո կգամ մնացածներին։
Ասաց ու քայլեց դեպի քյոխվեն։ Ճանապարհին նա տրեխների կաշին (երևակայական՝ անշուշտ) պահեց խոտերի մեջ, ցորենի տոպրակը տարավ իրենց տուն (այդ բոլորը ձևացրեց նա), փողը թաշկինակի ծայրին պինդ կապեց ու գլխարկի տակը դրեց, հետո մտախոհ՝ մոտ գնաց քյոխվին ու լո՜ւռ կանգնեց նրա առաջ։
Քանազը պաշտոնական կերպարանք ստացավ անմիջապես և հարցրեց
—Հը՞, գզի՛ր, բերի՞ր։ Տազին նախ հիմարի պես ատամները ցույց տվավ քիչ, հետո դժգոհ դեմք ստանալով՝ ասաց.
—Չբերի, քյո՛խվա… Առաջ Գորտ-ծեծողանց Կարապետի տունը գնացի… Շորագյալից[2] տասը մեշոկ[3] լավ ցորեն էր բերել՝ դարսում էը, կնիկն էլ ոչխարի պանիր էր աղում… Տան առաջը սաղ բռնել էին գառներով…