Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/477

Այս էջը հաստատված է

անվեհերություն, ոտքերի տակի կայանն էր դուրս սահում և գնում էր նա գլորվելու դեպի աննպատակության անդունդը։

Վերանորոգվեցին մտքումս թե ի՛մ կրած տանջանքները այդ սոսկումների մեջ և թե՛ այն մի քանի ընկերակիցներիս ու դեռ չփչացած աշակերտների դրությունը, որոնք ամեն ճիգ ի գործ էին դնում ազատ մնալու մշուշից, ազատ՝ սմքեցնող խավարից…

Բայց, այլևս բավական էր, չէ՛ի ուզում այդ ամենը· այժմ պետք էր մտովի՛ն ևս հեռանալ, գնալ այնտեղ՝ այն հեռավոր անծանոթ ափերը, մաքուր օդի մեջ ապրել փոքր-ինչ, պայծառ արևի տակ շնչել և կյանք վարել առանց կեղծությունների, առանց սրտմաշուկ ձևականությունների։

Ա՜հ, այո՛, լավ էր, շա՜տ լավ։ Սիրո՛ւմ էի ծովը։ Վաղուց էր, որ չէի տեսել։ Անտառից ու բաց դաշտերից ավելի՝ ծովն էի սիրում։

Հրճվանքով սկսեցի մտածել, որ պիտի ամբողջ ժամերով նստեի ջրի անհուն այն կապուտակ տարածության առաջ, ակնարկս հորիզոնին, ականջս մշտակա, օրորող շշուկին և հոգիս լի խաղաղ անէությունով, թեթևացնող զգացումներով։

Երրորդ օրն առավոտյան տեղ հասա։ Սիրուն էր Գելենջիքի տեսքը։ Սև ծովի խորշերից մեկի շուրթին էր պառկած՝ մացառուտ պուրակների և ցանցառ ծառատունկերի խառնուրդի մեջ։

Ծոցը նման էր խոշոր ափսեի· ավելի ճիշտ՝ ասիական սափրիչների կոնքին։ Գյուղը բռնել է նրա վերին մասը։ Մի քանի երկար, կանոնավոր, բայց փոշոտ փողոցներ էին. ճերմակ ու պարտիզալից տները, ցանուցրիվ ամեն ուղղությամբ, տաքանում էին պայծառ, ջերմ արևի տակ։

Մի կողքը սահմանավորված էր թավոտ լեռների շղթայով, իսկ հյուսիսային մասը հրվանդանաձև պարզված դեպի ծովը, ետևի կողմից գահավանդներ էր կազմում նրա բաց տարածության վրա։

Հեռվում երևում էին խիտ անտառներ· մոտի եղածները մեծ մասամբ փոշոտ ու փլոտ պուրակներ էին՝ տոթագին և անստվեր խորքերով։

Արևալից, ծիծաղախիտ այդ վայրը շատ դուր եկավ ինձ, մանավանդ, երբ շոգենավից նավամատույց իջա և պահ մի կանգ առա դիտելու հրվանդանի տարածուն եզերքները։

Խաղաղ էին ծոցի ջրերը՝ միապաղաղ հայելու հարթությունով· տեղ–տեղ միայն հազիվ նշմարելի կնճիռներ էին գոյանում, այլև արևի գգվող ճառագայթների տակ ոստոստում էին բյուրավոր սպիտակ կայծեր։

Ափերի մոտ ջրերի պարբերական շարժումը խլրտոցով լվանում էր ավազը։