Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/48

Այս էջը հաստատված է

Իմաստունը մտածեց, թե արդյոք չդիմե՞ր այդ կրոնավորին հարցնելու այն բանի մասին, որն իրեն տանջում էր:

Իմացավ, թե որտեղ էր ապրում մեծ կրոնապետը և ընտրելով երեկոյան ժամանակ, որ կարողանար ավելի երկար խոսել ծերունու հետ, գնաց նրա պալատը։

Ամբողջ փողոցը լիքն էր ամեն կարգի ու տեսակի կրոնավորներով, որոնք կկզած ապարանքի այս–այն պատի տակ, սենյակի մեջ, ուտում էին, խմում և զվարճանում։ Նրան չարգելեցին, և նա հասավ այն բակը, ուր շինված էր իմաստուն կրոնավորի առանձնարանը։

Ներս մտավ։ Կրոնապետը, մի քանի ուրիշ խնդրարկուների հետ մեծ քաղցրությամբ խոսելուց հետո, դարձավ իմաստունին և հարցրեց սիրալիր.

-Իսկ դո՞ւ, որդի, դո՞ւ ինչ ունես հարցնելու:

Իմաստունին դուր եկավ այդ համեստությունն ու սիրալիրությունը. սիրտ առավ, մի վայրկյան ամփոփեց միտքը և ապա այսպես խոսեց.

- Ո՛վ պետ հավատացյալների,- ասաց նա,– ես գալիս եմ հեռու տեղից։ Կյանքս ամբողջ անցուքի կյանքն ու մարդիկ, բնությունն ու իր գաղտնիքները, իր օրենքներն, ու ներդաշնակությունը ուսումնասիրելու մեջ և այսօր, երբ գրեթե գիտեմ ինչ որ կարելի էր գիտենալ, գտնում եմ, որ դեռ ոչինչ չեմ հասկացել: Սա հուսահատական չէ՞…

Կրոնապետը թափանցող ակնարկով նրան նայեց երկար ու ապա շփելով մորուքն ասաց.

- Դու իրավունք ունես. այդ հարցը տանջել է նաև ինձ. դրանից հուսահատական բան չկա, երբ մարդ գիտե, որ ինքը ոչինչ չգիտե. երբ երկար հոգնելուց, իր ամբողջ կյանքը զոհելուց հետո տեսնում է, որ ուսել է միայն սովորելը և դեռ նոր պիտի սկսի հասկանալ, այն ժամանակ միայն, երբ այլևս հոգնել է, մաշվել…

- Այդպես չէ, հայր իմ,— միջահատեց նրան իմաստունը,— այնքան սպանիչ չէ, երբ տեսնում է, որ դեռ նոր պիտի հասկանա, այլ երբ տեսնում է, որ չպիտի հասկանա, երբ իր ամբողջ էությամբ ուսանելու նվիրվելուց հետո գալիս է այն եզրակացության, թե իզուր էին այդ բոլորը, որովհետև ոչինչ չէր կարողանալու հասկանալ և թե իր բոլոր տանջանքը միայն նրա համար էր, որ համոզվի, թե ոչինչ չգիտե, և, որն ավելի սպանիչ է, ոչինչ էլ չի կարողանալու գիտենալ:

- Այդ էլ ճիշտ է, որդիս,— ասաց կրոնապետը,- մարդս ինչ-որ կուզի, թող անի, չէ կարողանալու ըմբռնել աստվածային գաղտնիքները…

- Ներեցեք, հայր,— միջահատեց նորից իմաստունը,– իմ ամբողջ վիշտը նրանումն է, թև ինչո՞ւ չեմ կարողանում կամ ինչո՞ւ մարդս