Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/482

Այս էջը հաստատված է

Տեսնելով ինձ, մոտ հրավիրեց, աթոռ հրամցրեց և սուրճ աոաջարկեց։

- Ճաշը ուշ կլինի,- ասաց նա,- եթե անոթի եք, կերեք նաև կարագ և պանիր։

Կերա իհարկե։ Խոսեցնել սկսեց։ Հարցրեց ամեն ինչ։ Շատ ցավեց՝ լսելով հիվանդությանս մասին։ Խոստացավ ամեն հնարք գործ դնել, որ խաղաղ կյանք ունենայի և գիշերները անվրդով քնելու հարմարություն։

- Ձեզ վերևում դրացի չունեք,- ավելացրեց սուրճ լցնելով,– ներքևի՛ց միայն կարող եք աղմուկ ունենալ, այն էլ երբե՛ք գիշերները։ Սենյակներից մեկը որդիս է զբաղեցրել, մյուսը իմն է ու աղջկանս, երրորդը տվել ենք երկու ուսանողների։ Դրանք ամենքն էլ, աղջիկս թեև ո՛չ այնքան, զվարթ երիտասարդներ են. սիրում են երգել, պարել, կանչել շատ աղմկել և… անհամության չափ էլ սիրաբանել գրացի աղջիկների հետ… ջահելություն է. անխուսափելի պահանջներ են դրանք… Դուք մի՞թե չեք սիրում այդ ամենը։

- Որո՞նք,- հարցրի ես ժպիտով…- սիրաբանե՞լն ու աղմկե՞լը։

- Երկուսն է՛լ· երգե՛լ էլ, պարել էլ։

- Ո՛չ մեկն էլ դժբախտաբար չգիտեմ։ Կուզեի սովորել. գուցե հենց կազդուրվելու ամենալավ միջոցները լինեն դրանք։

- Շատ կարելի է. ջղերը հանգստացնելու ամենալավ միջոցն է՝ լինել անհոգ, վարժվել անհոգության։

Եվ այնուհետև ես սկսեցի հետաքրքրվել, թե ո՞վ էր այդ սոսկալի կերպով նիհար, կմախքի նմանվող տիկինը, որ կարծես կովկասցի լիներ և ո՛չ ռուս։

Երևաց, որ Նովոռոսիյսկ բնակվող, իսկական մալոռուս էր, բավական մեծ կարողության տեր. ժառանգել էր ամուսնուց։ Ամեն տարի այդտեղ էին գալիս։ Իրենցն էր տունը։ Որդին շուտով պիտի իրավաբանական ուսումը ավարտեր, իսկ աղջիկը սեպտեմբերին մտնելու էր բժշկականության բարձրագույն դպրոցը՝ Պետերբուրգ։ Ունեին կալվածներ, որոնց կառավարում էր ինքը՝ տիկինը։

Ուսանողները Մոսկվայից էին. մեկը իսկական ռուս էր, մյուսը՝ էստոնացի։ Մի՞թե էստոնացու երբեք չէի հանդիպել։ Հետաքրքիր մարդիկ են. շատ հայրենասեր—նեղ հայրենասեր մինչև իսկ. բայց լուրջ և երազող մարդիկ։ Լուրջ և երազող, այո՛։ Դժվար է այդ երկու հատկությունները միացած տեսնել, բայց այդ էստոնացին այդպես էր։

Այդ բոլորը տանտիկինս պատմեց շնչարգել ընդմիջումներով. տկար էր խեղճը։ Հետո, երբ վերջացրեց, իր մասին, սկսեց ինձ հարցուփորձել։