դպրոցներից է՛լ հեռու, օրիորդը նայեց և ասաց նրան ձանձրացող շեշտով.
— Դադա՜ր առեք, Վալերիան Գրիգորևիչ, դադա՛ր առեք, ի սեր աստծո։ Մի՛ մոռանաք, որ 1905 թվականը մնաց չորս տարով ետ, որ ձեզ լսողները, ավա՜ղ, այդ ամենը շատ լավ գիտեն արդեն և զզվել են, մեծապե՛ս զզվել ամեն հիշատակությունից՝ ախտի, գծուծությունների, խավարի և խուլիգանությունների մասին… Մեկ ձեր շուրջը նայեք… ծաղի՜կ արև՜, ծո՜վ. արտույտները ահա վերևում ճախրում են և երգում, անտառում հանկուցիչ ստվերներն են մեզ կանչում, մեր չորս կողմը լի է դարայլներով, ձեզ մոտ նստել է խաղ, ծիծաղ, երգ և միմիայն սեր, միա՛յն սեր որոնող երիտասարդություն, և դուք հնադարյան մղձավանջնե՞ր եք պատկերացնում մեր առաջ… թողե՜ք, թողե՜ք այդ ամենը. ետ մի՛ նայեք, այլ միշտ առաջ։ Մի՛ տխրեք, այլ ծիծաղեք միայն. ապա թե ոչ՝ աշխա՛րհը կծիծաղի ձեզ վրա: Ապրենք, մի՛միայն ապրենք ու կյանքը վայելենք. ուրիշ ոչի՛նչ, ո՛չինչ…
Ու ջղայնորեն ծիծաղեց. ծիծաղ, որ ծաղրի էր նման, քան խնդության և ուրախության։
Զգացի այդ, զգացի նաև աղջկա ձայնի դառն շեշտը և առանձնապես սկսեցի զննել նրան։
— Օ՛հ, այո՛,— հաստատեց իր ընկերուհու ասածը շեկ օրիորդներից մեկը,— կյանքը շա՛տ կարճ է՝ տխրելու համար։ Չարժե տխրել, հոգալ, մտածել… Ապրենք, խնդանք, երգենք ու վազվզենք, ա՛յդ է լավը…
Ռուս ուսանողը, որ իր ոգևորության ճեպընթացությունից ետ մըղված՝ հանկարծակիի էր եկել, քիչ շվարած սրան-նրան նայեց խղճալի դեմքով, հետո ժպտաց, ձեռքը թափահարեց և գոչեց.
— Եվ իսկապե՛ս… Գրողի՛ն թող երթա այդ ամենը. խաղանք, պարենք ու սիրենք… Կեցցե՛ կյանքը.
— Ահա այդպես,— քրքջաց տանտիկնոջ աղջիկը.— դա ավելի է սազում ձեզ ամենքիդ, այժմյան երիտասարդության… թողե՜ք ոխակությունը. այժմյան վարդերը (և նա ցույց տվավ երկու օրիորդներին) նոր ձևի դայլայլներ ու երգեր են ուզում… ուրախ, կենսաբո՛ւյր մոտիվներ և ո՜չ թե ողբեր ու վայնասուններ…
— Ա՛յ թե սոխակ… նման է, ինչպե՛ս չէ,— ծիծաղեց օրիորդներից մեկը,— ավելի հնդկահավի էր նման Վալերիան Գրիգորևիչը, երբ խոսում էր… Գրողի՛ն թող երթան ճառախոս հնդկահավերը…
Եվ սկսեցին կատակներ. տափակ, երբեմն էլ համով սրախոսությունները ծայր առան. քրքիջ, կանչ, ուրախ աղաղակ՝ գնալով աճեցին: Հետո, երբ նախաճաշը վերջացրել էին, օրիորդներից մեկը վազեց դեպի