պարտեզի խորքը, ռուս ուսանողը հետապնդեց նրան. էստոնացին էլ երկրորդի հետ իջան դեպի հափրուկների ածուն, և ես ու տանտիկնոջս աղջիկը դիպվածաբար այդպես մնացինք մենակ, նստած սեղանի առաջ:
Լիզա էին կոչել աղջկան, չէի մոռացել այդ։ Բայց միայն «օրիորդ Լիզա» ասելը քաղաքավարի չէր լինի ռուսների տեսակետով. հոր անունը պետք էր իմանալ։
Ահա ա՛յդ միտքս եկավ առաջին րոպեին, երբ մենակ մնացինք։ Հետո շփոթություն եկավ վրաս. սովոր չէի՛ այդպիսի դիպվածական ու հանկարծական միայնության՝ սիրուն օրիորդների հետ. մանավանդ որ Լիզան չէր խոսում, ի՛մ էլ խոսելիքս չէր գալիս, ուղղակի՛ բերանս չէր բացվում, թեև դարձյալ մտածեցի հարցնել նրա հոր անունը։ Հարցնե՞լ արդյոք. այդպե՞ս սկսել խոսակցությունը։ Գռեհի՛կ բան. ո՛չ միայն գռեհիկ, այլև տափակ, անհամ։ Նստել էի այդքան ժամանակ և շնորհք էլ չունեի մի բան խոսելու…
Զարմանալի՛ գրավիչ աղջիկ էր, այո՛. նոր էի միայն նկատում և նո՛ր, ավելի մանրամասնորեն զննում։ Գրավիչ և հմայող նույնիսկ: Թեև մարմնով նիհար էր երևում, դեմքն ու ձեռքերը գիրգ էին, ճերմակ. խնամքով սանրվածք մազերի, ճոխ մազերի. սևահեր էր, խոշոր, տրոփալից և քաշող աչքերով։ Հոնքերը խիտ. գրեթե արմատներով միմյանց էին կպչում։ Մրահոն էր. մի զեղեցկուհի, որ ավելի կնո՛ջ էր նման, քան օրիորդի. թե՛ մարմինն էր զարգացած և թե՛ կուրծքը. ապա շրթունքնե՜րր.— ուղղակի զարմանալի էին այդ րոպեին, բոլո՞ր, որպես նոր բացվող վարդ, այլև լիքը, դողդոջան՝ կարծես համբույրներ էին պահանջում…
Այլևս մոռացած, որ պետք էր խոսել, որ անհաճ բան էր մնալը– ամբողջովին կլանված մնացի իմ զննողությունով, կլանված ու այնքան հմայված, որ հուզմունքից ու ցանկությունից սկսեցի դողալ։
Բայց այդ բոլորը մի րոպե տևեց։ Ուժ տվի ինձ, ամփոփեցի ինքզինքս, վայրկենական ինքնամոռացությունից հաջողվեց ազատվել և շտապեցի խզել լռությունը։
— Ներեցեք, օրիորդ,— խոսեցի քիչ դողդոջ ձայնով,— կարելի՞ է իմանալ ձեր հոր անունը։
Լիզան ցնցվեց և ինձ նայեց հարցական զարմանքով։ Չըմբռնեց հարցմունքիս պատճառը։
– Հարցնում եմ,— շարունակեցի ես՝ արդեն ինքս ինձ գտած և ավելի հանդարտ ձայնով,— որովհետև չգիտեմ ինչպես կոչել ձեզ. մեզ մոտ անունն են տալիս։