Լիզան վերստացավ իր հայացքը և գրավիչ մի ժպիտ դեմքին՝ ասաց.
— Միևնույնն է. կոչեք այնպես, ինչպես ձեզ մոտ ընդունված է։ Սակայն հորս անունը Նիկոլայ է։
— Այդպես ավելի լավ է։ Ներեցեք, Ելիզավետա Նիկոլաևնա, բայց ինձ թվում է, որ դո՛ւք էլ պիտի վազեիք այդ մյուս օրիորդի նման և կամ ծաղիկների մոտ իջնեիք՝ այս երկրորդի պես։
— Այդպե՞ս… ինչո՞ւ անպատճառ։
— Որովհետև ինքներդ խրատում եք ուրիշի, ուրեմն և ամենից առաջ դո՛ւք պիտի գործադրեք. մինչ դուք, ահա, մնացել եք մենակ և նստած այստեղ։
— Է՛հ, ի՞նչ արած,— չարաճճի ժպիտով ինձ նայեց Լիզան,— միշտ չի՛ հաջողվում զույգ կազմելը, ես «կենտ» եմ այստեղ։ Բայց եթե ախորժակ ունեք վազելու համար իմ զույգը դառնալու…
— Օ՛հ, ո՛չ վազելու համար առայժմ… բայց ուրախությամբ ձեզ ասպետություն կանեմ, եթե արդեն չունեք ուրիշը։
— Երևում է, որ Կովկասից եք գալիս,— ծիծաղեց աղջիկը,— մեզ մոտ բազմասպետությունը պարծենալու նորույթն է. որքան շատ ասպետ, այնքան մեծ պարծանք։
Ու դարձյա՛լ քրքջաց իր այն ծիծաղով, որ ծաղրի էր նման, և դառնության շեշտ էլ կար մեջը։
— Բայց,— ավելացրեց նա,— նորությունների սիրահար չե՛մ ես. չե՛մ էլ սիրում, որ իմ ասպետը շատ տիրուհի ունենա… գոնե ինձ հայտնի:
— Խանդոտ եք։
— Այո՛, խանդոտ։ Չե՞ք տեսնում հոնքերիս ձևը,— ծիծաղեց Լիզան.— ինձ ասել են, որ խանդոտները ա՛յդպես հոնքեր են ունենամ։
— Եվ որովհետև ձեր հոնքերը այդպես է,— կատակեցի ես,— ուրեմն և դուք պարտք եք համարում խանդոտ լինել։
Ծիծաղեց՝ գգվող ակնարկը վրաս, ոտքի ելավ և ասաց.
— Կատակում եք. այդ լավ է. կարծեցի թե մռայլ ու տխուր մարդ եք. ճի՛շտ ուսուցիչ՝ անշնորհք և անճաշակ… բայց ո՛չ… երբ ասպետի պետք ունենամ…
— Ամե՛ն րոպե,— ասացի ես։
— Ո՛չ այժմ,— ժպտաց նա։ Հետո հավաքեց բաժակները, գլխով նշան արավ, որ պիտի տուն տանի ու վերադառնա և հեռացավ վայելուչ քայլվածքով։ Բայց զարմանալի բան. հե՛նց որ մի քանի քայլ գնացել էր,