Խոսում էր թեև դուրեկան ձայնով, բայց միապաղաղ, առանց այն աշխույժ ելևէջների, որ կյանք է ներշնչում ամեն խոսակցության։ Ժպիտը պաշտոնական էր, քաղաքավարական, իսկ խոսելու ձևը՝ սառը, չոր։
Բայց Սերյոժան նորի՜ց սկսեց և զվարթությամբ ասաց՝ դառնալով օրիորդներին.
—Ահա հենց այդ ժայռի վրա էր, որ տեսա ես Ադելաիդա Իվանովնային… Ասենք դժվա՜ր էլ չէր իմանալ, թե որտեղ է նա, առաջի՛ն, որ օրիորդը սիրում է միշտ ջրի եզերքներին նստել ու երազել, երկրորդ, որ ձկնորսը անգամ գիտե օրիորդին, երրորդ՝ ասպետական իմ բնազդը…
—Լավ, այլևս հերիք է,— ընդհատեց նրան քույրը, որ այդ միջոցին վրա էր հասնում։
Երբ Լիզային տեսավ Ադդան, ետ քաշվեց, ավելի՛ սառը կերպարանք ստացավ և թեթև, գլխով բարևեց։ Նույնը՝ Լիզան։ Ձեռք չտվին իրար, ոչ էլ ժպտացին։
Իսկույն նկատեցի, որ առհասարակ այդ երկու աղջիկները բարեկամ չէին միմյանց․ ինչ-որ խուլ ատելություն էր տածում յուրաքանչյուրը դեպի մյուսը, բայց երկուսն էլ ճգնում էին ծածկել օտարներից։ Ասենք, նրանք բնավորությունով էլ միմյանց հակառակ էին։ Որքան Լիզան քաշող, հմայող ու գրեթե խելքից հանող ժպիտ, քաղցրախոսություն և բավական վայելուչ ձևեր ուներ աչքերի անդիմադրելի հրապույրի հետ, նույնքան, ընդհակառակն, Ադդան վանող, սառը շարժումներ ուներ և սարսռեցնող հայացք։
Տանտիկնոջս որդին սակայն, ըստ երևույթին, շատ էր պտույտ գալիս Ադդայի շուրջը։ Կամ, հիրավի, գրավված էր նրա խորհրդավոր գեղեցկությունով և կամ գոնե ժամանցի համար այդ ամառանոցում, իրեն տիրուհի էր ընտրել ինքնատիպ աղջկան ու նրանով շքամոլություն էր անում, պարծենում էր։
—Ո՛չ, ո՜չ,— բողոքեց Սերյոժան, երբ քույրը դադարեցրեց նրան,— ոչ, ես դեռ չորրորդն էլ ունեմ ասելու… պնդո՜ւմ եմ, որ լսեք ինձ, բողոքում եմ…
—Դե՜ լավ, գրողը քեզ հետ, բարբառի՜ր ուրեմն,— ասաց ռուս ուսանողը,— ով գիտե ի՜նչ խոզություն պիտի ասես։
—Եվ կամ նոր տեսակի մի շողոմարարություն,— ավելացրեց էստոնացին։
—Բայց, պարոննե՜ր, օրիորդնե՜ր,— ձեռքերը բարձրացրեց. Սերյոժան, իբր թե պաշտպանվելով հարվածներից,— ի՞նչ արի ես ձեզ, որ