Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/496

Այս էջը հաստատված է

ինչ-որ խուլ, սրտիս խորքերո՛ւմ թաքնված անորոշ հակակրանք դուրս էր պոռթկում՝ գերակշռելու համար բոլոր մյուս զգացմունքներին:

Վա՛տ, վա՛տ բաներ էի մտածում նրա մասին, թվում էր, թե փչացած կին է, հղփացած, շրթունքները վաղո՜ւց վարժ կրքոտ հպումների, մարմինը մաշված՝ վայելումների մեջ…

Շարժվածքները, գրավելու ձևերն ու ժպիտները նույնիսկ՝ մեկ-մեկ զզվանքի նման վայրկյան էին առաջացնում իմ մեջ։ Կիսաշխարհային կնոջ էր նման, քաղքենի և ազնվական այն կանանցից, որոնք իրենք ճիգն ու ջանքը գործադրում են մի՜միայն տրիփ ու տենչանք գրգռելու համար տղամարդկանց մեջ…

Ու երբեմն մռայլ, ո՛չ միայն դադարում էի հաճոյակատար դառնալուց Լիզայի համար, այլև կոպիտ էի լինում և խիստ։

Չէր զարմանում այդպես ժամանակ։ Երևի համոզված էր, որ ներքնապես պայքարում եմ ես նրա հմայքի ազդեցության դեմ և անհաջող լինելուս համար անձնասիրությունս վիրավորված՝ տխրում եմ ու կոպտանում։

Այդ իսկ պատճառով հանգի՜ստ էլ չէր թողնում ինձ։ Միշտ հետաքրքրվում էր, թե որտե՞ղ էի գնում, որտեղի՞ց գալիս, ո՞ւմ հետ էր խոսածս և ո՞վ էր, օրինակ, այն կինը, որի կողքին նստած էի գտնվել պատահմամբ ընդհանուր լողարանի առաջը գտնվող նստարանների վրա։

Առաջ հարցնում էր— «կարելի՞ է իմանալ». հետո— «հետաքրքիր է իմանալ» և վերջապես մի օր էլ ուղղակի կտրեց առաջս, երբ սենյակ» էի գնում և հարցրեց.

— Ահա թե ինչ, պարո՛ն, դուք արդեն սկսել եք ուրի՞շ տիրուհիների որոնել… Այն ո՞վ էր, որի հետ ծովափի գերանների վրա բազմել էիք ու լուռ երազո՜ւմ…

— Բայց, օրիորդ,— կմկմացի ես,— այդ խեղճ կինը գերանի մի ծայրին էր, իսկ ես՝ այս մյուս, իսկ ես ի՞նչ դիտեմ ով էր։

— Ստու՛մ եք, պարո՜ն,— ասաց կես կատակի շեշտով,— ուրի՛շ տիրուհի եք գտել… Մոռացել եք, որ դուք միմիայն ի՛մ ասպետն եք… և որ ես խանդոտ եմ…

Ասաց․ կոկետությամբ ժպտաց, մատը վրաս թափ տվավ ու հեռացավ։

Մնացի կանգնած և կատարելապես հմայված։

Շո՛ւտ սթափվեցի սակայն, անփորձ մի երիտասարդ անշուշտ խելահեղ կլիներ այդ թովիչ վարմունքից։ Հասկացա, որ աղջիկը մի՛միայն ընկճել էր ուզում ինձ. ընկճելու հաճույք ունենալ։ Եվ եթե գտներ, որ մինչև ականջներս իր գերին եմ, արհամարհաբար պիտի ծաղրեր ու