դեն շպրտեր իբր այլևս դատարկ, անպետք անոթ, իբր շա՛տ չնչին բան և մի այլ կողմ պիտի գնար՝ որոնելու նորանոր հաղթանակներ…
Այդպե՛ս էի համարում ես Լիզային և զգույշ էի միշտ, խելքս չկորցնելու չափ ժամանակին ինքս ինձ զսպող։
Ւնչ վերաբերում է Ադդային, պիտի ասեմ, որ տասնհինգ-քսան օրվա ընթացքում հազիվ երկու-երեք անգամ հանդիպեցի նրան։
Կանաչ հրվանդանը պտույտի գնալու օրվանից հետո նա այլևս չեկավ մեր ամառանոցը։ Լիզան այնքան սառը, մայրն էլ այնպե՛ս անուշադիր վարվեցին հետը այն օրը, որ ըստ երևույթին այլևս միամիտ չգտնվեց ընդունելու Սերյոժայի հրավերները։
Հանդիպածս ժամանակ առիթը չէի փախցնում մի երկու խոսք փոխանակելու հետը։ Թեև սառն էր, բայց չէր խուսափում։ Մի անգամ էլ մինչև իսկ թույլ տվավ ինձ ընկերանալ իրեն մինչև Ֆոտիադիի մագազինը, գնեց այնտեղից մի քանի բան և հետո եկավ զբոսնելու հարավային ափի զբոսարանում։
Մոտ մի ժամ տևող այդ ընկերակցության ժամանակ նա խոսեցրեց ինձ, հարցրեց իմ մասին շատ բան, առողջությանս մասին տեղեկացավ և այլն։ Այդօր ձայնը ավելի դուրեկան էր, վարմունքը ընկերական և պարզ։ Շատ լավ էի զգում ինձ նրա հետ. ձայնը ջերմացնում էր սիրտս, և կապույտ աչքերի քիչ ավելի կենդանի հայացքը հոգուս մեջ էր ներածում ինչ-որ մաքրող զգացմունք, որ մոռացնել էր տալիս, թե Ադդան կին էր, շա՛տ սիրուն մի կին և թե ես տղամարդ էի։
Թվում էր, թե կողքից քայլողը սրտիս շատ մոտ, սիրելի մի անձնավորություն էր, միաժամանակ և դյուրաբեկ մի անարատություն, որի մասին ամենաչնչին վատ մտածությունն անգամ սրբապղծություն կլիներ և գարշանք։
Եվ այնուհետև ամեն անգամ, երբ առաջս էր գալի, Ադդայի դեմքն ու քայլվածքը, մտաբերում էի Մոսկվա տեսածս մի հայտնի հայ նկարչի Հռիփսիմե կույսը՝ շեկ մազերով ու կապուտաչյա, որ սպիտակ պատմուճանով, ձեռքին ճերմակ շուշան, անդրաշխարհային խանդավառության երազով տոգորված հայացքը վերամբարձ՝ քայլում է կարծես դեպի մի աներևույթ նպատակ, ուշք չդարձնելով շրջապատող աշխարհին և ոտի տակի տատասկ ու փուշին…
… Այդպես էր ահա, որ այդ ամառ գտնվեցի ես երկու միմյանց հակասող, եթե արտառոց չի՛ լինի ասել, նաև միմյանց լրացնող, զգացմունքների շրջանում։
Մի կողմից այդ կիրք հուրացնող կինն էր, որ իր գրգռիչ ժպիտներով հրավիրում էր, քաշում, որպեսզի տեսներ գետնաքարշ գալարում