ներս և քրքջար անկմանս վրա, իսկ մյուս կողմից՝ կենսատու քաղցր անարատ մի զգացմունք, որ չէր զարթնեցնում ոչ մի անասնային ցանկություն, այլ ընդհակառակը, ազնվացնում էր խոհերս և ուռեցնում սիրտս՝ սիրելու, սիրային երազանքով հրճվելու փափագներով։
Լիզային ես որոնում էի, բայց իսկույն հետո Ադդային էի ուզում հանդիպել, նրա հայացքի տակ ապրել։
Եվ գնում էի ծովափ, փնտրում ամեն կողմ, որ տեսնեմ նրան մի ժայռի վրա անշարժ, ակնարկը ծովի խորքերին ուղղած՝ ինչպես սովոր էր նստել ու ժամերով մնալ։
Բայց միայն երկու անգամ տեսա այդպես ու չհամարձակվեցի մոտ գնալ։ Չիմացավ իսկ, որ տեսնում էի նրան։ Լիզայի նման չէ՛ր քաշում նա ինձ իր ոտքերի մոտ… Հեռու նստած, մի փոսի մեջ պառկած՝ ակնարկս չէի բաժանում նրանից, մինչև որ նա ելնում էր ու կամաց-կամաց գնալով, անհետանում ծառերի ետևում։
Ամեն օր gնում էի նույն տեսարանը վայելելու մտածությամբ, bajc Ադդան այլևս չերևաց։ Ըստ երևույթին չէր գալիս այս կողմերը, գտել էր մի այլ ծովախորշ՝ թաքնվելու համար միայնության մեջ։
Ու զզվեցրին ինձ այնուհետև այդ ափերը. ե՛ս էլ մտածեցի հեռանալ դեպի ուրիշ կողմեր։ Գահավանդի կողմը, դեպի բաց ծովը դեռ չէի եղել։ Վճռեցի գնալ այնտեղ, հնար եղածին չափ հեռու չինել ամեն բնակությունից։
Հարցնելով գտա ճանապարհը. չուզեցի զարտուղի և մոլորեցնող շավիղներ բռնել։ Անցա մի քանի մարգագետիններ և ինձ գտա մի պուրակի, գրեթե անտառի սկիզբը։
Հաճոյալից էր այդտեղ, կային և կանաչագեղ, ծաղկալից բացատներ, հովանավորող բարձր ծառեր, առատ բուսականություն՝ աչք կտրածի չափ տարածությունով և բազմատեսակ անուշաբույր ծաղիկներ։
Ծաղկեփունջ անգամ կազմել սկսեցի․ շուրջս լի էր կապույտ համասփյուռ, երիցուկ և շահոքրամ, արտերի միջից ցցվում էին նունուֆարն ու դաշտային եզնացռուկը, իսկ բացատների դալարների մեջ դեղին շերտեր էին կազմել մահդանակն ու մանրիկ, վայրենի տուղտը։
Այդ բազմահրապույր տարածությունը սուր հակապատկերն էր մեր ամառանոցի ետևից փռվող փշոտ անտառին։ Եվ զարմանալին այն էր, որ ոչ ոք չկար այստեղ, ոչ մարգերի վրա, ոչ անտառի մեջ և ոչ էլ արտերում։
Միայնակ էի կատարելապես, գնում էի հանդարտ քայլերով, ճշմարիտ վայելքով լիաբերան ծծում էի օդը, ախորժով ականջ դնում թռչունների դայլայլին և նույնիսկ ծղրիդների ճռնչող ձայներին։