Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/499

Այս էջը հաստատված է

Մինչև ծնկներս երբեմն՝ խոտերի ու ծաղիկների մեջ, գնացի ես այդպես՝ կտրելով արտերը, մխրճվելով խիտ ծառաստանների մեջ, մինչև որ շավիղը հանեց ինձ բլուրների առաջ, ուր մեկե՛ն բուսականությունը կանգ առավ և սկսեց գաջային ճերմակ ու չոր գետին՝ մանրիկ թփիկներով ու կարճ ծառերով պատած։

Մի քանի քայլ. մի երկու թուփ էլ անցա, ետ տվի թզուկ ծառերի ճյուղերը և հանկարծ ոտերիս տակ՝ խորքում երևաց բաց ծովը՝ իր անոլորտ տարածությունով։

Գտնվում էի ահավոր բարձրության վրա, պատի նման ուղղաձիգ գահավանդների գլխին։

6

Անմիջապես ոտքերիս տակ՝ խորքում, մինչև անհուն հորիզոնը տարածվելով օրորվում էր լեղիագույն վիթխարի մի զանգված, որ դեպի ափերն էր ծփացնում շաոաչող փրփուրների և ոստնող ճերմակ բաշերի շարքեր։ Անդուլ համերգը բերնին, վետ-վետ կոհակների կայտառ ոստումները միմյանց վրա հանած, անհոգ ծալքերի ու շերտավորումների պչրանքները քմահաճորեն գունավորած՝ ընկողմանել էր նա որպես վաստակաբեկ մի հսկա, որ ահավոր պատերազմից հոգնած՝ հանգչում հևքոտ շնչառությունով, խոշոր կրծքի մեծ ելևէջներով։

Ու մնացի տեղն ու տեղը գամված, կծկված մի թփի տակ, հմայված վեր ելնող միալար մռնչյունից, շլացած միօրինակ փողփողան ծփումներից։

Գահավանդը նույնպես վետ-վետ, կարծես ահագին ճերմակ կոհակներ կազմելով, գոգաձև գնում էր դեպի ձախ ու պտույտների մեջ անհետանում։ Ո՛չ մի բավիղ դեպի ծովը, ճերմակ, գաջային ուղղորդաձև կողեր էին՝ գլուխ պտտեցնող բարձրությամբ, գիսախռիվ կատարներով աջից միայն ափը հետզհետե իջնում էր պուրակների խառնուրդով և գնում հասնելու ջրի մեջ մխրճված լեզվակին։

Արևը չէր այրում այլևս, որովհետև ամպոտում էր երկինքը հետզհետե. ծովի կողմից փչում էր զովացնող մեղմ քամի, նստելու տեղս շա՛տ հարմար, ընկողմանեցի մանրիկ խոտերի վրա, թփի ստորոտում, և գոհ եղա, որ կարող էի երկա՜ր դիտելու մնալ մի ա՛յդքան շքեղ տեսարան։

Ո՛չ մի ձայն շրջապատում. ծովի մռնչյունը բացարձակորեն խլացնում էր ամեն ուրիշ աղմուկ։ Տաս-տասնհինգ րոպեից հետո տեսողությունս էլ կենտրոնացավ միմիայն ջրերի վրա, և նրանց վեհափառ ծավալը նսեմացրեց ուրիշ որևէ առարկայի տեսքը։

֊519