Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/5

Այս էջը հաստատված է

— Մի գազա՞ն,— կանչեց նրա ետևից Սամը,— մի ճշմարիտ գազան։

— Նայի՛ր։

Ծաղկեփունջը ձեռքին, կանգնել՝ գայլուկներին էր գիտում մանուկը։ Գայլ երբեք չէր տեսել, շուն կարծեց նրանց։

Բայց Սիդը, երբ զարմանքից ուշքի եկավ, մի ճիչ արձակեց և ետ փախավ. Սամը գլորվելով հետևեց նրան։ Երկուսն էլ հևալով ներս ընկան քարայրը։

— Մայրի՜կ… գազա՜ն,— աղաղակեցին նրանք։

Մայր-գայլը սկզբում չհասկացավ. հետո, երկու ոստյունով կտրեց տարածությունը, ցնցեց մացառներն ու զարմացած մնաց։

— Ա՜,— ասաց նա՝ տեսնելով մանուկին,— մի փոքրիկ Օձ է։

— Օ՜, ի՜նչ մեծ շուն,— մտածեց մանուկը և վախեցավ։

Սիդը հասել էր մորը։

— Տեսա՞ր, մայրիկ, ի՜նչ մեծ գազան է։

— Սա դեռ ձագուկն է, աղջիկս,— ասաց մայրը,— պիտի սպանեք սրան, քանի չի մեծացել։ Սա աշխարհիս ամենախորամանկ ու գծուծ անասուններից մեկն է. ինչքան լավություն անես, այնքան վնաս կտա քեզ։

— Չսպանենք, մայրիկ— գոչեց Սիդը,— տուր մեզ խաղանք։

— Ինչե՜ր ես խոսում, աղջիկս,— վախեցավ մայրը.— սա քեզ, իրավ է, առաջ կգգվի, խաբեությամբ մոտ կգա, բայց հենց որ առիթը գտնի, կխեղդի և վրադ էլ կծիծաղի. սա մեր թշնամին է. պիտի ուտել սրան…

— Չէ՛, մայրիկ,— խնդրեց Սամն էլ, որ այդ միջոցին հասնում էր.— քաղցած չենք, պահենք սրան, հետը կխաղանք։

Տիրուհի Զեբը շատ անգութ կին չէր, այդ օրն էլ քաղցած չէր, կուշտ կերել էր։ Ամեն մարդ գիտե, որ երբ գայլը կուշտ է լինում, նա այլևս ոչ ոքի չի վնասում։ Մարդի պես խո չէ՞, որ ուտելուց եթե տրաքվելիս անգամ լինի, իր նմանին էլ դեռ կպատառոտի։

Մանուկը սիրտ էր առնում, տեսնելով, որ իրեն վնաս չեն հասցնում։ Մոտեցավ, կռացավ դեպի Սիդը և սկսեց փայփայել։ Զեբի սիրտը շարժվեց։

«Աստվածները վկա,— մտածեց նա,— այս Օձուկը դեռ մանուկ է և չար չի երևում»։

Սիդն էլ սիրեց Օձուկին։ Լիզում էր նրա ձեռքերն ու երեսը։ Քիչ-քիչ Սամն էլ մոտ եկավ։ Օձուկը նստեց խոտերի վրա, Սամը մի քանի ոստյունով ուզեց նրա ծնկներին ելնել, հետո գլորվեց, Սիդին ծիծաղեցրեց, և Զեբը մոռացավ, որ մի վտանգավոր թշնամի շոյում էր իր զավակներին։