Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/501

Այս էջը հաստատված է

սին, ոչ էլ լսել։ Լիզայի մայրն էր գլխավոր աղբյուրը. նա էր պատմել շատ բան: Ուսանողներից լրացրել էի պակասածը։

Մալոռուս էր Ադդան. այն երազող և համառ կամքի տեր, ոգևորվող աղջիկներից, որ իրե՛նք են սիրում բանալ իրենց կյանքի ուղին, սիրում են անկախությունը, սովորելն ու երաժշտությունը և երբ սիրում են մեկին, սերը հասցնում են պաշտումի և անձնազոհության: Այղպիսի տիպարները գիտեն նաև նվիրվել գաղափարական գործերի, ետ չկասել, պատվարներից չեն վախենում և կարող են ժպիտը դեմքին տանջվել ու մեռնել իսկ:

Հարուստ էին Ադդայի ծնողները, ապրում էր միայն մայրը, մեռել էին հայրը և մի եղբայրը, վերջինս հանկարծ… անհետացել էր, 4—5 տարի էր չկար, կամ փախել էր արտասահման և կամ Մոսկվայի հայտնի ապստամբության օրերին զարնված էր ու թաղված ընդհանուր, եղբայրական գուբերում։

Չնայելով հարստությանը, Ադդան լավ սովորել էր, քննություն տվել, համալսարան մտել ու հայտնի էր որպես շատ ընդունակ, եռանդուն պարապող։ Պարզ կյանք վարել, շատ պարզ հագնվելը նրա պչրանքն էր, այնպես որ մայրը միշտ գանգատվում էր, թե իր աղջիկը հպարտ էր, չէր ուզում ընդունել ավելորդ փող, չէր ուզում վայելել հոր հարստությունը։

Լիզայի մոր, այլև ուսանողների պատմածներին նայելով, այդ տարի հունվարին հանկարծ Ադդան սաստիկ հիվանդացել էր Պետերբուրգում, և քեռին ստիպված էր եղել ընկերանալ մորը ու գնալ մայրաքաղաք։ Հետո աղջկան բերել էին հայրենիք և այժմ էլ Գելենջիք էին իջեցրել, որ կազդուրվի և բուժվի։

Ո՛չ ոք չգիտեր հիվանդության պատճառները, մելամաղձոտ ու տխուր էր դարձել այն աղջիկը, որ մի քանի տարի առաջ իր զվարթությունով ու հրապույրով կյանք էր սփռում շուրջը, որ ծիծաղը միշտ շրթունքներին, լուրջ խնդիրների մեջ պատկառելի էր, որպես մի գիտնական, որ սիրում էր խոսել, ոգևորել ու ցնցել ամենքին…

Իսկ այժմ դժվարությամբ էր նա մի երկու բառ արտասանում, հազիվ էր ծիծաղում և երբե՛ք չէր սիրում որևէ շրջանի մեջ վիճել, ճառել կամ նույնիսկ վեճն ու ճառը լսել։

Եվ մանավանդ, ամեն ինչ մի քանի տարի առաջ վարդագույն տեսնող աղջիկը, այժմ դարձել էր սաստի՛կ հոռետես և ո՛չ մի լավ բանի չէր հավատում։

Թե ինչո՞ւ էր նա այդպես դարձել՝ գաղտնիք էր։ Գաղտնիք, որ ամենքր կարծում էին, թե գիտեն, բայց ցույց տալով հանդերձ, որ կա՛