Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/504

Այս էջը հաստատված է

ստվերի հակապատկե՞ր էր, թե ամպերից սլացող անձրևային գծերի մի փունջ։ Սակայն ահա լույսը պարզվում էր հետզհետե, և ապշությամբ տեսնում էի, որ ծփումներն իբր պատվանդան ունենալով՝ ջրերի վրա հայտնվում էր մի վայելչակազմ կնոջ ստվեր…

Այո, կին էր այն. հրաշալի մարմնով մի կույս, որ շքեղ և ալեծուփ գիսակները փռած թիկունքին, բաց թևերը գլխի ետևը տարել, դրել էր ծոծրակին և աննման դեմքը լույսի ցնցուղներին պարզած՝ օրորվում էր կոհակների վրա։

Մերկ չէր ամբողջովին։ Բաց էին միայն վիզն ու թևերը. Ստինքներից մինչև ոտքերը պարուրված էր նա ջրափրփուրի նուրբ շերտով, որ ճերմակ պատմուճանի նման ոլորտվում էր մարմնի շուրջը և երկար քղանցքը մարող փոթերով տանում էր տարածելու ջրերի երեսին…

Արձանացած մնացել էի։ Չէի զորում շարժում գործեր Աչքերս լայն բաց արած՝ հետևում էի երևույթին, որ ալիքների ծփումների հետ մոտենում էր ափին, գալի՞ս էր իմ կողմը։

Տեսնում էի ակնարկը՝ լուսաշող դեմքի վրա. ակնարկ, որ ահավոր թախիծով լի, սևաթույր ամպերի աշտարակաձև կուտակման վրայից երկինքն էր կարծես որոնում՝ դեպի նրան նետելու իր բոցակեզ վարանումներն ու մրրկող բողոքները։

Բայց որտեղ էի տեսել ես նմա՞ն մի երևույթ, հար և նման մի պատկեր… Ինչո՞ւ այդ պատրանքը ծանո՞թ էր թվում ինձ, ծանոթ և ոչ զգայախաբական։

Ու երբ միտքս պրպտում էի, հանկարծ օրորվող կինը ծփման մի շարժումի մեջ ղեմքը իմ կողմը դարձրեց, և ես ճանաչեցի նրան։

Ադդան էր…

Այդ իսկ վայրկյանին երևույթը անհետացավ, հալվեց լույսի մեջ, խորասուզվեց կարծես ջրի տակ, և նրա տեղը մնաց հոսանուտ ծալքերի մի մեծ տարածություն, որ երերում էր դողահար։

Եվ երբ սթափված շուրջս էի նայում, զգացի, որ սիրտս սեղմվում էր, անհասկանալի մի տխրություն համակում անձս։

Մի քայլ ետ գնացի ու խոտերի վրա նստեցի։

7

Որ դեռ հիվանդ էի և ջլախտային դրությունից չէի բուժվել—դա փաստ էր։ Զգայախաբության դեպքը՝ ապացույց։ Տեսիլքը, սակայն, մտացածին չէր։ Համոզված էի, որ տեսել էի նման պատկեր, կամ կարդացել էի, կամ գուցե պատմել էին։ Չէի հիշում՝ որտե՞ղ, ե՞րբ։