իսկ տանջանքներից խելահեղ եղած մարդ եք երևում… խելահե՜ղ եղած, այո'…
Հետո, երբ պահ մի լռել էի, վճռական կերպով նայեցի նրան և ավելացրի.
— Ասացե'ք ինձ ձեր վշտերը… Չե՞ք ասի։
Ցնցվեց, դարձավ ուժգնությամբ դեպի ինձ, լուռ զննեց ակնարկս մի րոպե, հետո ոտքի ելավ և ասաց.
— Գնա՜նք։
Ապա երկա՜ր այլևս չխոսեց։ Ընթանում էր կողքիցս:, առանց շուրջը նայելու, ակնարկը սևեռած դիմացը երևցող լեռնեցի ստվերագծերին: Կամ մտածում էր խորունկ վրդովումներով և կամ սաստիկ հուզվել վերաբացված վևրքերովը, որի պատճառը ես եղա. խոսելու ուժ չէր գտնում։
Այդ լռությունը նեղում էր ինձ։ Ուզում էի խոսեր, բա՜ց աներ սիրտը իմ առաջ։ Շա՜տ բան ունեի ասելու նրան, հազիվ դիպվածը ներկայացել էր առանձին և երկար խոսելու. առիթը կար, եթե միայն պատասխաներ ինձ։ Պետք էր վերջապես սիրտ տալ, կյանքի՜ բերել ալդ հուսաբեկ աղջկան, կյանքի վայե՜լքը ներշնչել, հասկացնել ու համոզել, որ հուսահատությունը փոքրոգություն է՝ ինչ որ էլ պատահած լիներ իր կյանքում, ի՜նչ տանջանք ու վիշտ էլ որ կրած լիներ…
Հիրավի, մի՞թե չէր կարելի անել այդ. փրկել մի դժբախտ, բայց լա՜վ մարդու, որ ընկղմում էր աննպատակության սոսկալի դատարկի մեջ, խավար էր զգում շուրջը և զարհուրում էր ապրելուց։ Չէ՞ր կարելի միթե նորից զարթնեցնել նրա մեջ նո՜ր ձգտումներ, ոգևորող նո՜ր նպատակներ, և կամ, գոնե կյանքի հաճույքները լիաբուռն վայելելու, էլի' և անվերջ սպառվելո՜ւ չափ վայելելու մարմաջը։
Համոզված էի, զգում էի, որ աղջիկը մեռնե՜լ էր վճռել, զզվել էր կյանքից, գուցե և նրա բոլո՜ր հաճույքներից, մանավանդ՝ հոգնել էր տանջվելուց, մարտնչելուց, հույս չուներ ապագայից, ոտքի կայա՜ն չուներ, բարոյական նեցուկի հասկացողությունը կորցրած՝ ոչ կռվան էր մնացել նրա համար և ոչ կառչելու շյուղ։ Ջարդվել էր ժայռերի դեմ, ջարդվե՜լ էր նրա մեջ ամեն բան՝ հավատք դեպի գաղափարը, սերը դեպի մարդիկ և կամ որևէ հույս՝ դեպի արշայույսը…
Այդպես էր երևում ինձ Ադդան. մի քանի խոսք, և պատկերանում էր նրա տանջված հոգին, հանգստանալ֊անէանալու ձգտող սիրտը։
Ոչ, պետք էր փրկե'լ նրան. կորզել ու հեռացնել անդունդի եզրից, ամուր հողի վրա կանգնեցնել, հույսեր ներշնչել, հավատքը վերականգնել և այդպիսով միջոց տալ սիրո վայելքները տենչալու, ապրելու…