Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/51

Այս էջը հաստատված է

յոթնագլխյան հիդրային, որ կեղծութան կրակի մեջ սպանում է ամբողջ մարդկությունը…

Այդպես էր խորհում իմաստունը՝ նստած իր բանտի խոնավ հատակի վրա, երբ դուռը ճռճռաց, երևաց մի աղոտ լույս, և մի ծերունի առաջ եկավ դեպի նա:

Հավատացյալների մեծ կրոնապետն էր՝ լապտերը ձեռին, տխուր, դժգույն և դողդոջուն։

Երբ մոտեցավ, երկուսն էլ իրար նայեցին։ Երկար ժամանակ էր անցել միմյանց տեսնելուց ի վեր, և կրոնապետը խիստ ծերացել էր, գրեթե զառամել։

- Ողջույն, ծերունի,— խոսեց իմաստունը,— քեզ երկրորդ անգամն է տեսնում եմ. տարիքիցդ առաջ ծերացել ես։

Նստեց ծերունին գետնի վրա, իմաստունի կողքին ու դողդոջուն ձայնով ասաց.

- Ես ծերացել եմ, այո, ով իմաստուն, իսկ դո՞ւ… դու երիտասարդացել ես։ Տեսնում եմ աչքերիդ մեջ այն կրակը, որը չի՛ մարում բանտի խավարի մեջ իսկ և որ լույս է սփռում այնտեղի խորշերում. այն կրակը, որ գոյանում է խորին համոզմունքով և անկեղծությամբ հավատացած իդեայի գոյությունից։ Դու հավատացել ես. անկեղծությամբ հավատացել նպատակին, քո բոլոր կյանքի մեջ կեղծություն չես դրել, գործունեությանդ մեջ ստություն չես ամփոփել և դա քեզ կյանք է տվել… Չգիտես, իմաստուն, թե որքա՛ն է մաշում մարդուս՝ գիտակցական կեղծիքն ու ստությունը, երբ մարդ գիտե, որ կեղծում է, գիտե, որ ստում է և այնուամենայնիվ ստիպված է կեղծել ու ստել։ Գիտես, որ խաբեբայություն է այսինչը կամ այնինչը, և ստիպված ես կյանքիդ ընթացքում կատարել նրան ու մինչև իսկ զգույշ լինել չսխալվելու, կատարել ու պնդել նրան, պնդել ու քեզ համոզված ձևացնել նրա ճշմարիտ լինելու մեջ… Չգիտեմ, որդի, դու ինձ հասկանո՞ւմ ես, թե ոչ…

Իմաստունը ծնոտը ձեռքերի մեջ առավ, նայեց դժգույն ալևորին և պատասխանեց.

— Քեզ ես հասկանում եմ… Չե՞ս եկել արդյոք իմ տեղը խնդրելու, իմ շղթաներին, ընկերակցելու…

- Այո՛, հասկացար ինձ… օրհնյալ լինես… այո՛, շատ ապրեցի մաշող ստության փառքի մեջ, երանի թե կարողանայի մեռնել գոնե մաքուր ճշմարտության շղթաների տակ…

Ու երկուսն էլ լուռ, երկուսն էլ վշտալից էին։ Մեկն իր վշտով, մյուսն իր նմանի տանջանքով։