Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/516

Այս էջը հաստատված է

լուսադեմին, երբ արշալույսը գունավորում էր ծովի հորիզոնը և լեռների գագաթները։

Ծովի բացը, հեոուն, հետզհետե շառագույն ու մշուշոտ, ջրերը գողտրիկ նազանքներով և ծփանքներով համընթաց գալիս էին հալվելու ծովի մեջ, հետո նորից, վետ-վետ ծավալումներով աջ ու ձախ էին սփռվում և գնում էին նետվելու դեպի ափերը։

Եվ մեր նավակը երերուն այդ ծալքերի մեջ ընկած, մեծածուփ շարժումներով ետ ու առաջ էր սահում՝ ղեկավարված ծերունու ձեռքով։

Սկզբներում ո՛չ մի անգամ բաց չէի թողնում, իսկ հետո շաբաթը գոնե մի օր անշուշտ, շուտ զարթնելով, հասնում էի՝ ձկնորսներին ընկերանալու նրանց նավակի մեջ, ուր սակայն անգործ ու անշարժ նստած՝ միմիայն հորիզոնն էի դիտում և կամ ծերունու շարժումներին հետևում։

Այդպիսի մի թարմ առավոտ էր ահա, որ երբ ծոցի մեջ կանգնեցրած վերջին ցցիցն սկսելով՝ ժողովում էին ուռկանի շուրթերը, հանկարծ որդին թողեց գործը, ուղղվեց մակույկի մեջ, մի ինչ-որ բառ աղաղակեց, և հայր ու որդի մեկե՛ն թողած ամեն ինչ, անշարժեցրին նավակն ու ակնարկները սևեռեցին դեպի ծովը:

Ե՛ս էլ նայեցի։ Բավական հեռուն, ջրի երեսին ծփում էր ինչ–որ խոշոր սև բան։ Կարծես կոճղ լիներ և կամ նման առարկա։

Մոտենում էր համր ու մեծ շարժումներով։ Ձկնորսների երկարատև սևեռուն հայացքը սկսեց վրդովել ինձ։

— Ի՞նչ է այն…— հարցրի վախեցած։

— Խեղդված մարդ է,— ասաց որդին։

Խեղդված մա՞րդ… Այդ ջրերի տատանումների վրա օրորվող առարկան ուրեմն մի մա՞րդ էր, մի թշվառ, որ գուցե լողանալիս խեղդվել էի կամ ո՞վ գիտե ուրիշ ինչպիսի արկածի զոհ էր եղել…

Սոսկումը կրծքումս, ջղային դողի ձեռքն ընկած նորից, թոթովեցի։

— Մա՞րդ… բայց ո՞վ է, ճանաչո՞ւմ եք։

— Չի՛ ճանաչվում,— ասաց որդին,— բայց կարծես մեզնից մեկը լինի, ձկնորս…

— Ուրիշ ո՞վ կլինի,— խոսեց դառնությամբ հայրը,— մեր բոլորիս վերջը այդ չէ՞։

Դառնությամբ ասված այդ խոսքը բոլորովին չհանգստացրեց ինձ: Ակնարկս լարված՝ ճգնում էի որոշել առարկայի գծերը։ Ւնչ-որ ուռուցիկ բան էր երևում ջրի վրա, բայց դեմք չկար դեռևս:

Անձկությամբ սպասեցինք։ Լույսը սկսել էր լավ բացվել, մշուշը ցրվում էր։ Հանկարծ որդին հորը դարձավ ու ասաց տաճկերեն.