Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/518

Այս էջը հաստատված է

ՄԻ ՊԱՏԿԵՐ

1

Բասենի բարձրավանդակ բլուրների վրա դեռ գարնանային եղանակ էր, չնայելով որ հունիսյան շոգերն սկսել էին դաշտի մեջ։

Դեռ հեռավոր գագաթների և ստվերամած խորշերի հատակում սպիտակին էին տալիս ձյունի շերտեր, բաց տեղերում, գորշ թացության մեջ դալար կանաչությանը թավշանման քնքշությամբ գորգ էր կազմում՝ բծավորված և կտոր-կտոր եղած բաղմաթիվ վճիտ առվակներով ու ջրակույտերով։ Մանիշակագույն ծաղիկներ՝ զանգակաձև լուլան, շեփորաձև կանաչն ու փոքրիկ, գողտրիկ գիներբուկը խմբերով պսակ էին կազմել վտակների շուրջը: Այս-այն կողմ գարնանային դեղին ծաղիկները գլուխ էին դուրս պարզում քարոտ վայրերի և փոքրիկ խորքերի միջից: Հեռու, բավական բարձրացած ցորենի և գարու կանաչ արտերի մեջ բարձրագլուխ՝ կապույտ շերտեր էին դևում խիարուկները և կապույտ շուշանը ճախնուտ կողմերում բացվել, իր մեծ նուրբ թերթերը ցնցում էր մեղմիկ զեփյուռի տակ։

Ալեձև կանաչ բլրակներ՝ հետզհետե բարձր, գույնզգույն ծաղիկներով ու փողփողուն ջրերով շերտավորված, սարահարթեր՝ միմյանցից գեղածիծաղ, միմյանցից կենսապարար, շրջապատում էին այն մենավոր անկյունը, ուր գարնան սկզբից ի վեր իջել, բանակել-իջել էր հայ բոշաների մի ցեղ, գորշ վրանների տակ, մեղմիկ ցած սահող ջրվեժի կողքին, փոքրիկ, բայց շքեղ հարթության վրա:

Գյուղերը հեռու չէին. մի քանի բլուրներ, և ահա տարածվում էր Հասան-Ղալայի դաշտը՝ կտրված մեծ, պղտոր Երասխով. ամեն կողմ գյուղեր, հեռվում՝ հնացած խարխուլ քաղաքն ռւ իր ապառաժոտ կողերով բերդը, դեպի ձախ՝ ոլորապտույտ՝ Տևե-Պոյնուի կիրճը, դեպի աջ՝ Բասենի շքեղ դաշտը. ապա, հորիզոնը մշուշի մեջ՝ լեռներ ու լեռներ, բարձր, դաժան շղթաներ…

Բոշաների բանակած տեղը թե՛ գեղեցիկ էր և թե՛ ապահով: Մի քանի քայլից հետո մի արահետ, քսան րոպեի վազքով, կհասնի Հերթև, ձիով երկու ժամ՝ դեպի բերդաքաղաք: Բոշա կինն ուրեմն կարող էր առավոտ շուտով ելնել մտնել դաշտը, հինգ-վեց գյուղ թափառել և երեկոյան-վերջալույսին վրանները վերադառնալ։

Ցերեկները վրանների առաջ քիչ բազմություն կար և քիչ էր կենդանությունը։ Ահագին գամփռերր քնում էին արևի տակ. էշերը, եթե դաշտ չէին իջել, արածում էին բոշա մանուկների հսկողության տակ.