Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/520

Այս էջը հաստատված է

անդադար գուլպա գործելով կամ բուրդ մանելով խումբ առ խումբ տեղ են բռնել քիչ հեռու, և նվագողի դեմքն է միայն, որ ուռած թշերով մեծ տիկը բերնին դեմ տված, ոգևորված ու կարմրատակած, աչքերը դեպի բարձր՝ լուսավորվում է կատարելապես։

Հետո հանկարծ, միաձայն խաղի մի րոպեի տևողությունից հետո, նվագողը շարժվում է և սկսում մի պարերգ, մի կաքավող, թռչկոտուն, զվարթ պարերգ, որ շարժում է ձգում մանուկների մեջ, շարժում է շներին իսկ: Կանայք միմյանց երեսի են նայում, տղամարդիկ կանանց աչքերով պարի հրավիրում, մանուկները՝ սողալով ավելի մոտ գալիս, հետո մեկեն մի երիտասարդ ցատկում է մեջտեղ, ձեռքերը տարածում, մարմինը կոտրատում, նազանքներով սահում գետնի վրա և իր վրա պտույտներ գործելով՝ շրջաններ է գծում խարույկի շուրջը:

Ու բոշաները սկսում են մեղմիկ ծափահարել, մի քանիսը բթամատով և երրորդ մատով շրփացնում են, ուրիշները խուլ ձայնով շվշվացնում, իսկ ցեղապետը ուշադիր ժպտում է և գոչում.

- Դե՛հ, աղջիկնե՛ր, ձե՛զ տեսնեմ…

Բայց կանայք դեռ չեն շարժվում, դեռ նազ են անում, միմյանց առաջ մղում, միմյանց հրավիրում։

Ու մեկեն մի հարս, մի համարձակ կին ոտքի է ելնում ու առաջ նետվում։ Երիտասարդը ետ է քաշվում ու նստում։ Այժմ կինն է պարողը:

Սրանում է կինը ձեռքերը շրփացնելով, մեջքն ու իրանը կոտրտելով։ Երբեմն այնպես կռանում է և շնորհալի՝ դեպի գետին հասնում, որ կարծես մտադիր է պառկել, այդպես կռացած նա սրանում է և հանկարծ զսպանակի պես վեր նետվում և նորից մեկ այս, մեկ այն կողմ ծովելով, ձեռքերն օրորելով, կոները պտտեցնելու ժպիտը դեմքին՝ սահում է, կարծես ոտքը գետնին չի կպչում…

Նրան քիչ հետո դեմ առ դեմ է գալիս մի ուրիշ կին, և ահա սկսում է զույգ պարը։ Երկու հանդիպակացները միևնույն շարժումներով խաչաձև նախ կտրում են իրար, միշտ խաչեր կազմում, կանոնավոր խաչեր՝ կենտրոնը խարույկը, և ոչ մեկի շարժումը մյուսից չի զանազանվամ. ծռվում են միասին, նույն նազանքներն անում, նույն ամանակով մատերը շրփացնում և նույն րոպեին խաչաձև գծերի ծայրերը հասած՝ միաժամանակ դառնում, դեպի կենտրոն են սրանում ու կենտրոնից դեպի խաչի թևերը սահում…

Այդ բոլորը կատարվում է այնքա՛ն արագ, այնքա՛ն ճշտությամբ, որ սքանչելի մի տեսարան է պատկերանում միաժամանակ միմյանց մեջք դարձնող կամ դեպի կենտրոնը եկող և ապա լայնության թևի երկու ճյուղերը գնացող զույգից։