կազմում, միմյանց վրա նետվում և ապա ցրվելով՝ տարածվում է ճանապարհի վրա ու ամեն ինչ ծածկում յուր մեջ: Իսկ տո՞թը, մոծակներն ու մժղուկնե՞րը, ճանճերն ու բզեզնե՞րը,— որոնք միմյանց խառնված կիտվում են ծառերի տակ և, հենց որ փոշին լուծվում է, խուժում են դեպի ճանապարհորդները…
Այդ ժամանակ էր ահա, որ հայ բոշաների մի խումբ արագությամր քայլում էր դեպի Պոյապատ ավանը, մտած փոշու և մժղուկների մեջ։
Խումբը բաղկացած էր նախ երեք էշերից, որոնք գլխիկոր, երկայնամիտ ականջները միայն շարժելով մոծակների դեմ, կրում էին իրենց վրա հասակավոր կանայք՝ գավակներին մի-մի կիսամերկ երեխա, իսկ կողքերից, պայուսակի աչքերի մեջ՝ երկուական մանուկներ, որոնք իրանց մազոտ ու փռչոտ գլուխները շարժում էին՝ քաշ ընկած մազերի տակից։
Էշերի ետևից խմբովին գնում էին ուրիշ երկու մանկահասակ կանայք և չորս տղամարդ։ Բոլորն էլ բեռնավորված տոպրակներով, մաղերով ու զինված մեծ ցուպերով, բոլորն էլ փռչոտ, հոգնած և արևակեզ։
Լուռ էին. երբեմն միայն մեկը մի խոսք էր նետում մյուսին կամ մի ուրիշը քաջալերում էր էշերին՝ առանց զարնելու, փաղաքշական ձայնով. երբեմն էլ մանուկներից մեկն ու մեկը գլուխը հանկարծ գուրս էր գցում պայուսակից և գոչում.
— Պանի՜… (ջուր)։ — Համբերիր,— խփում էր նրա գլխին էշի վրա նստած տատը կամ մայրը,— ջուր չկա դեռ։
Շրջակայքում ծառերը կորել էին փոշու տակ. ջրի ոչ մի նշույլ չէր երևում։ Եվ փոշին պահ մի սկսում էր թանձրանալ այնքան, որ շարժվել անհնար էր լինում։
— Կանգ առնենք, Սրգո,— ձայնեց էշերից մեկի վրա նստած պառավը,– էլ գնալ չի կարելի։
— Ջուր չկա, դեդ (մայր),— խոսեց ետևից գնացող տղամարդերից երկարահասակը, որտե՞ղ կանգ առնենք։
—Այ, այն հեռավոր ծառերի տակ,— մեջ մտավ մի երկրորդ կին:
— Քշեք, քշեք,— ասաց մի տղամարդ,— քիչ հետո ձորն ենք հասնելու, այնտեղ ծառ էլ կա, ջուր էլ։
Եվ իրավ, երբ փոշին իջավ, հեռվում երևաց լեռնոտ ձորաբերանը։
Փոշին այժմ ետ էր գնում, անցել էին նրա սահմանը, քամին ուղղությունը փոխեց, կանայք թոթափվեցին ու մի թեթև զով քամի պարզեց բոլորի փոքրացած աչքերը։