Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/528

Այս էջը հաստատված է

2

— Այստեղ լավ է,— ընտրեց խմբի գլխավորը մի մեծ ուռենու ստորոտ,- ջուր կա, կանաչ խոտ էլ կա… իջե՛ք։

Կանայք ցած իջան, լակոտները սահեցին վար, մանուկներին հանեցին պայուսակներից, էշերին մերկացրին, ջրով զովացրին և բաց թողին արածելու. իրանք էլ մի քանի րոպե մաքրվելուց հետո փռվեցին խոտերի վրա հանգչելու։

Կանանցից ամենաջահելը, մի վայրենի և աշխույժ գեղեցկությամբ հարս, սկսեց խռիվ ժողովել, տղամարդերից մեկը հեռացավ չոր ճյուղեր գտնելու, իսկ խմբի գլխավորը, մի քանի րոպե հանգչելուց հետո, մահակը ուսին՝ մի պտույտ գործեց իրանց իջած տեղը ուսումնասիրելու համար։

Մեծ ճանապարհը ծառից հարյուր քայլ հեռավորությամբ անցնում էր, քերելով ժայռերի ստորոտը, փոշի չկար ձորակում. երրեմն միայն բերաններից և բարձունքներից ներս էին մտնում փոշու տկարած սյունակներ և տարածվում սարերի կատարների վրա, բայց շոգը այնքան էր, որ թռչուններն իսկ դադարել՝ հանգչում էին տերևների տակ. ոչ մի ճանապարհորդ չէր երևում։

— Ձորը երկար պիտի լինի,— ասաց Սերգոն հեռվից,— դու կգիտենաս, ուստա Հարություն, երկա՞ր է։

— Բավական երկար է, կես ժամվա ճանապարհ։ — Իսկ այդ շավի՞ղը,— հարցրեց նորից գլխավորը,– սա՞ որտեղ է տանում։

— Դեպի գյուղերը. լավ գյուղեր կան այդ կողմերում.

— Չգնա՞նք այդ կողմերը։

— Չգիտեմ։

— Ես նայեմ մեկ. գուցե նշաններ լինեին,— ասաց գլխավորը և գնաց դեպի մի մեծ շավիղ, որ ճանապարհից զատվելով՝ անցնում էր առվակից ու դեպի աջ՝ ձորն ի վեր գնում։

Բոշաները—թե կին, թե տղա—կեսը երեսի վրա փռված, մյուսները պպզած, կանգնած՝ նայում էին գլխավորի ետևից։

Սերգոն մի ոստյունով անցավ առուն և սկսեց խիստ ուշադրությամբ զննել շավիղի սկզբում եղած ծառերի բները, պտտվելով նրանց շուրջը:

Ոչ ոք չէր խոսում, ամենքը սպասում էին։ Երկու րոպե հետախուզությունից հետո Սերգոն կանգ առավ մի կետի առաջ, լավ քննեց և մատը դրավ մի քանի այլանդակ նշանների վրա, որոնք գծված էին