Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/530

Այս էջը հաստատված է

խումբը ջնջել է նրան, հասկացնելու համար, որ այդ նշանը սխալ է։

— Իսկ դու ի՚նչ կասես, դեդ,— դարձավ գլխավորը պառավին:

Սա մի քիչ մտածեց, հետո գլուխը բարձրացրեց ու ելավ ոտքի։

— Ամենից առաջ,— ասաց նա,— ինձ պետք է նշանը յուր տեղում տեսնել։

— Յուր տեղո՞ւմ,— ասաց Սերգոն,— ի՞նչ պետք է, իմ գծածը ճիշտ նման է։

— Լավ, բայց դու ասա, թե ո՞ր գիծն է թարմը, ուղղահայա՞ցը, թե կտրողները։

— Ինչպե՞ս, թա՞րմը։

— Այո, չէ՞ որ կեղևի վրա է գծված, ո՞ր գծերն են ավելի սևացել, ո՞րը սպիտակ մնացել։

— Իրավ է…— մռմռաց գլխավորը,— այս րոպեիս ասեմ…

Եվ վազնիվազ գնաց դեպի նշանը, կռացավ նայեց, հետո դարձավ ու ասաց.

— Ուղղահայաց գիծը նույն թարմ է, որքան և նրան կտրող գծերը. բոլորն էլ մեկ ձեռքով և մի ժամանակ են գծված։

— Կասկածում էի.— ասաց պառավը Հարությունին դառնալով,– տեսա՞ր… այդ գիծը ջնջված չէ, դա մի նշան է և մի վատ նշան է, վատ նշան… դա զուլումի նշան է. լոմերին*[1] սկսել են զուլում անել… Լեվալը մեզ օգնական։

Այդ միջոցին ձորի ծայրում. դեպի Սինոպ իջնող ուղղությամբ երևացին մի քանի ձիավորներ։ Վեց զինվորականներ էին՝ երկուսը մեծ պաշտոնյաներ, որոնք ֆեսերի վրա ուներին սպիտակ ծածկոցներ՝ արևից պաշտպանվելու համար։ Նրանց ետևից գալիս էին չորս ձիավոր զափթիեներ, ոտից գլուխ զինված, ծխում էին և խոսակցում՝ բավական ետ մնացած, իսկ պաշտոնյաները լուռ էին և կիսափակ աչքերով շուրջն էին դիտում.

Բոշաները մի քիչ նրանց նայեցին, պառավներից մեկը կամենալով օգտվել հանգամանքից, ըստ սովորականի վազեց դեպի ճանապարհը և սպասեց եկողներին, որ մի բան խնդրե։

— Չինգենեներ են, Արիֆ էֆենդի,— ասում էր հասակավոր պաշտոնյան երիտասարդին,— նայեցեք։

— Այո, բեյ, Ստամբոլում շատ եմ տեսել։

— Ձեր տեսածներից չեն սրանք,— ժպտաց բեյը,— սրանք հայ բոշաներ են, քրիստոնյաներ։

  1. հայ բոշաները իրանք իրանց անվանում են լոմ: