Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/534

Այս էջը հաստատված է

— Այ, այ, մեջ մտավ կայմակամը ծիծաղելով,-- վարպետ գնչուհի, ուզում ես էֆենդուն կարմրացնե՞լ խոսքերովդ. բայց մոռանում ես, որ մենք մահմեդականներս, մորթում ենք անհավատարիմ կնոջ և արդարացնում բազմաթիվ կին առնող տզամարդին:

Գնչուհին ոչինչ չասաց. բռնեց Արիֆի պարզած ձեռքը, խորին ուշադրությամբ կռացավ նրա վրա ու երկար, լուռ զննեց ափի գծերը:

Ոչ ոք չէր խոսում. ղափթիեները հեռու կանգնած, հետաքրքրությամբ վզերը պարզել, աշխատում էին լսել. իսկ բոշաները դիտում էին տեսարանը անհանգստությամբ։

Վերջապես գնչուհին բարձրացրեց գլուխը և ասաց.

—Մենք գուշակել շատ չենք սիրում, բայց իմ հայրս հայտնի գուշակող է և ինձ տվել է յուր արհեստից… Ահա ասում եմ քեզ, որ շատ չի անցնիլ, և դու կսպանվիս մի կնոջ ձեռքով. զգույշ կաց…

Արիֆը ժպտաց. ղափթիեները միմյանց նայեցին։

—Որքան որ մեծ օջախից լինիս,— շարունակեց գնչուհին,— այնուամենայնիվ չես ազատվելու այդ կնոջ ձեռքից, զգույշ կաց…

Հետո ուժգնությամբ թողեց ձեռքն ու հեռացավ դեպի բոշաները։

Երկու թուրք աստիճանավորները պահ մի լուռ մնացին։

—Գնանք այստեղից, էֆենդի,– խոսեց կայմակամը,– այդ կինը մեր գիտցածներից չէ, տխուր բաներ է որսում:

—Մի՞թե հավատացիք ասածներին, բեյ,– ծիծաղեց ստամբուլցին-չտեսա՞ք, որ գուշակեց միտքս և յուր արած գուշակություններով ուզեց ինձ վախեցնել… տեսնենք. շատ կցանկանայի սպանվել դրա ձեռքով… ինչ որ լինի, քսան ոսկի էլ ծախսեմ, այդ կինը պետք է ձեռք ձգեմ։

—Բայց դուք չգիտեք, էֆենդի,— ասաց բեյը քիչ վախեցած,— այդ կանայք կատաղի են լինում և մեծ բարոյականության տեր, զգույշ կացեք. եթե նույնիսկ հանձնվի, յուր գրկի մեջ կխեղդի ձեզ…

— Հա՜, հա՜… -ծիծաղեց էֆենդին,– դրա միջոցն էլ կա, այ, կտեսնեք։

Ասաց և ձեռքով մոտ կանչեց զափթիեներին։

Բոշաներն այդ միջոցին նկատելով աստիճանավորների շարժումները, խորհրդի ժողովվեցան։

— Ես չեմ անպատվի օջախս,— զոչեց գնչուհին,— եկողին կսպանեմ փայտովս։

— Իսկ հետո՞,— ասաց ամուսինը,- չէ՞ որ նրանք սրեր ունին, հրացան ունին: