Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/548

Այս էջը հաստատված է

— Տես, Արթեն,– ձայներ կայմակամը,— շահելները լինեն և մանավանդ սիրունները…

Արթեն քիչ գունատվեց, բայց զսպեց իրեն և խոնարհվեց: Քյաթիբը բռնեց նրա թևից, և երկուսը միասին դուրս գնացին:

— Հյուսնի էֆենդի,– կանչեց նրա ետևից կայմակամը, — անպատճառ բոշաներ լինեն. նրանք ավելի կրակոտ են… զափթիեներ շատ վերցրեք, որ անցյալ անգամվա պես չթողնեք ձայն հանեն։

— Էվեթ, էֆենդըմ (այո, էֆենդի),— ասաց դրսից քյաթիբը,– Արթենը տեղը ցույց տվավ, մնացածը հեշտ է…

Հետո լսվեց, թե ինչպես թուրքը քաջալերում էր բոշային՝ ասելով.

— Գնանք, օղլում, մյուդիր եմ դարձնելու քեզ…

5

Եվ Հարությունը «մյուդիր»— աթոռակալ դարձավ։ Բոշան փաշա եղավ:

Դժվար չէր այդ կայմակամի համար։ Այնպիսի օրեր էին, որ ոչ մի բոշա ընդդիմադրելով բան չշահեց։ Ո՞վ էր նրանց գանգատը լսող։ Եկողի վիզը տաքացնում էին և չէին թողնում, որ մի բառ իսկ արտասանի։

Մի գեղեցիկ օր աթոռակալ Մովսեսին կանչեցին «Սարայ», կայմակամի դեմն անգամ չհանեցին։ Քյաթիբ էֆենդին ընդունեց նրան, խստությամբ չափեց ոտից մինչև գլուխ և ասաց.

— Ազգդ գանգատվում է քեզանից, ծերունի. մեզ ուղարկել են 500 ստորագրությամբ մի հանրագիր, որի մեջ ասված է, որ դու անիրավ ես, կաշառակեր ես…

— Ե՞ս, էֆենդի…

— Ձա՜յնդ, չինգենե, մի համարձակվիր խոսքս ընդհատելու, որ դու խիստ ես և… կարծեմ գող…

— Տեր աստված,— բացականչեց ծերունին այլայլված։

— Գնա այժմ,— շարունակեց քյաթիբը,— այլևս մյուդիր չես. կայմակամ էֆենդին քեզ հանում է այդ պաշտոնից և շնորհակալ եղիր, որ, խնայելով հասակիդ, քեզ դատի չի ենթարկում… գնա և սուլթանի կյանքի համար աղոթող եղիր…

Ծերունին գունատ, գրեթե կիսամեռ՝ դուրս ելավ։ նրան չվիրավորեց այնքան յուր պաշտոնից զրկվելը, որքան այն, որ եղել են յուր ազգականների մեջ 500 վատեր, որոնք այդքա՛ն անխիղճ ամբաստանություններ են բարդել նրա վրա։