Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/55

Այս էջը սրբագրված է

բնության մեջ, նյութ կամ մտածություն. եթե վերջը փնտրես՝ ծայրին ես հասնելու, ծայր ու վերջ՝ միևնույն կետից են բաժանվում և միմյանց հակառակ գնում։ Ամեն ինչ պտույտ է գործում, մի անհուն, անըմբռնելի պտույտ, որի մեջ ո՛չ ծայր է երևում, ո՛չ վերջ, ո՛չ սկիզբ, ո՛չ վախճան, այլ միայն անսկիզբ ծագում, անվախճան տևողություն… Բայց ինչո՞ւ այդ, ի՞նչ մի վերջնական նպատակի համար — ահա այդ է գյխավոր առեղծվածը, մի՛ փնտրիր սկիզբ, այլ նպատակ. մի՛ որոնիր սկիզբ — չես գտնելու — այլ փնտրենք քեզ հետ, թե այդ պտույտը ինչո՞ւ է գործվում, ի՞նչ մի ծայրագույն նպատակի համար…

— Դու բնազանցագետ (մետաֆիզիկ) ես, – ասաց երիտասարդը բարձրանալով, – և քանի փնտրես, այնքան պիտի խորասուզվես առեղծվածների, անհասկանալի ու բնազանցական եթերի մեջ և ոչինչ չես գտնելու, ոչինչ իմանալու… որովհետև բնությունից դուրս ես գնում։

— Իսկ դո՞ւ, – ժպտաց իմաստունը, — դու, որ բնագետ ես, կարծում ես քանի փնտրես, այնքա՞ն պիտի լուծես բնության գաղտնիքները և հասկանայի եթերի մեջ մի բան գտնե՞ս, մի բան իմանա՞ս։ Դու կարծում ես, որ պիտի հասկանաս, որովհետև բնությունից դուրս չե՞ս գնում…

— Ինձ թվում է, որ, – ասաց երիտասարդը, — բնությունը դեռ շատ և շատ գաղտնիքներ ունի իր մեջ՝ զբաղեցնելու արարածներին հավիտենապես և ժամանակ չտալու, որ նոքա, դուրս գան անհունության մեջ՝ մտացածին բաներով զբաղվելու։ Ճանաչե՞լ ես, օրինակ, հենց այն աշխարհը, որի վրա կյանք ես վարում, այն օրենքները, որոնք այդ աշխարհն են կառավարում, փոփոխության ենթարկում, նրա արարածների վրա ազդում, աճեցնում, մեռցնում, ձևափոխում և կերպարանափոխում… ճանաչե՞լ ես այն հողը, որի ծնունդն ենք մենք, առանց որի չենք կարող ապրել մենք և որի մեջ ենք վերադառնալու մենք, այն բազմաթիվ տարրերը, որոնցից բաղկացել ենք մենք և որոնցից առնված լինելով, պիտի էլի լուծվենք ու նրանց խաոնվենք, ճանաչե՞լ ես այն վերի պսպղուն աշխարհները, այն արևը, որոնք փոխադարձ ազդեցությունով երազել են տալիս մեր անհունապես միմյանցից կատարելագործված մոլորակների և նրանց վրա գտնվող միմյանցից կատարյալ օրգանական կյանքի մասին… ճանաչե՞լ ես նույնիսկ այն նյութը, որից առաջացել են տարրերը՝ քիմիական դեռևս շատ խորհրդավոր պրոցեսներով, և որը իր անընդհատ շարժողությամբ, անընդհատ կերպարանափոխությամբ, ով գիտե, ապագայում քանի՜ հարյուրավոր տարրեր, քանի՜ հազարավոր քիմիական բաղադրություններ և հետևապես քանի միլիոնավոր տեսակ էակներ կլեցնի բնության մեջ. այն նյութը, որ մայր է ամեն ինչի… ճանաչե՞լ