մանուկների ձեռքերը բռներ և, չնայած մթան, փողոց դուրս եկավ։
Դրացիներից շատերը հեռու կանգնած՝ հետաքրքրությամբ ու կարեկցությամբ նայում էին և երբ տեսան Մարգոյի ելքը՝ ցավալից ձայներ հանեցին։
— Ահ, գնում է, հեռանում է…
— Շատ լավ է անում… անիծյալ օջախ է այդ տունը… շան օջախ եղավ…
— Կեցցե Մարգոն…
— Ո՞ւր է գնում, արդյոք։
Ինքն էլ չգիտեր, Մարգոն, թե ուր է գնում։ Վճռել էր հեռանալ այդ տնից, յուր մատնիչ, ստորացած ամուսնուց գնալ-թափառել այրի կնոջ պես, աշխարհին հռչակել, որ յուր «Լախուգը» (ամուսին) մեռել էր պսուի պես, որ ամուսին չէ ունեցել և որ չէ ուզում ոչ ոքի երեսը տեսնել, այո, ոչ ոքի…
Պահ մի կանգ առավ փողոցի մեջտեղ, այս-այն կողմ նայեց, ուշադրություն չդարձրեց փոքրիկի լացին, բարկությամբ ցնցեց նրան, ապա ուղղվեց դեպի աջ։
Այդ միջոցին փողոցի մի կողմից երևաց բոշաների հայ քահանան[1], որ գնում էր մի մեռնողի հաղորդելու։ Տեսնելով փողոցի միջից քայլող Մարգոյին և նրան դիտողներին, հարցրեց, թե ի՞նչ էր եղել։
— Արթենի կինն է, տեր հայր,— ասացին նրան,— մարդը պսու է դարձել, և ինքը հեռանում է։
Քահանան գլուխը երերցրեց և կամենում էր հեռանալ, բայց մի բոշա կին խնդրեց նրան, որ մոտ գնար և համոզեր թշվառ կնոջը գիշերով դուրս չգալ ավանից։
Քահանան քիչ վարանեց. բայց հետո գնաց։
— Մարգո,— ձայնեց նա։
Գնչուհին դարձավ:
— Մարգո, ո՞ւր ես գնում այսպես գիշերով, մեղք ես, դարձիր տուն։
— Տո՞ւն…— ասաց Մարգոն -էլ տուն չունիմ, օջախս պղծվեց, մոխիրս ապականվեց… էլ տուն չունիմ…
- ↑ Բոշաների միջից երբեք քահանա կամ եկեղեցու պաշտոնյա չեն ընտրվում, ըստ «Հայսմավուրք»-ի անեծքի, նրանք համարվում են անիծյալ ցեղու: Նրանց քահանան հայ է, և բոլոր ծեսերը կատարվում են հայոց եկեղեցում, իսկ թափառելու միջոցին առանց ծեսի է լինում ամեն ինչ։