Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/556

Այս էջը հաստատված է

6

Դրանից հետո Արթենին «մյուդիր» շինեցին, և սկսվեցին բոշաների համար սոսկալի օրեր։ Մի թեթև ընդդիմադրություն` Արթենի կողմից ներկայացվում էր որպես ըմբոստություն իշխանության դեմ, և ընդդիմադրող բոշան կամ կորսվում էր, կամ փտում բանտերի մեջ:

Արթենը շատ սիրելի էր դարձել, նախ կայմակամին, հետո բոլոր պաշտոնյաներին։ Ասում էին մինչև իսկ, որ մահմեդականացել էր, միշտ մզկիթ էր գնում։ Այն ճիշտ էր, որ կնոջ անհետանալուց հետո մի թուրք կին էր բերել և պահում էր. մոլլան հաճախ էր մտնում նրա տունը, թուրք պաշտոնյաները և մանավանդ քյաթիբը ուղղակի իրանց տունն էին շինել Արթենի խրճիթը. ամեն ուրբաթ օր գալիս էին և աղմկալից քեֆեր սարքում, քեֆեր, որոնք միշտ վերջանում էին խայտառակություններով։

Բոշաները դիմացան միայն մի քանի ամիս, բայց երբ եկավ գարունը, և բոշայական կրակոտ, շարժուն և անհամբեր կանայք պատրաստվեցին դուրս ելնելու, ոչ մի կին չկամեցավ տեղից շարժվել, քանի Արթենը մյուդիր կմնար Պոյապատում։ Ասենք Արթենը ուրախացավ, բայց յուր եկամուտը մտածելով, մոռացավ, որ անշարժությունը նեղսրտացնել սկսեց բոլորին։

Կանայք, այդ անսովոր դրությունից նեղվելով, սկսեցին գրգռել ամուսիններին՝ եղած դրության դեմ։ Էլի կույտ-կույտ ժողովներ, այս անգամ գիշերով և գաղտնի։

Կանայք էին գրեթե այդ ժողովներ կազմակերպողները, գրգռողները։ Հավաքվում էին մեկի մոտ, կանչում էին ամուսիններին, նախատում նրանց և ստիպում, որ խորհեն այդ դրությունից ազատվելու համար։

Երկար խորհելու պետք չեղավ։ Խնդիրը պարզ էր։ Վճռվեց միաձայն, որ բոլորի պատճառը ուստա Արթենն էր, ուստի և նրան հարկավոր էր տապալել։

Եվ մյուս օր առավոտյան էր ահա, Պոյապատի բոշաները առաջներն ունենալով իրանց կանանց, դուրս խուժեցին թաղերից և հավաքվեցին կայմակամի դռան առաջ։

Մեծ հուզում տիրեց ավանում, մոտ 2—3000 հոգի վիճելով, խոսելով հասան կայմակամի պատշգամբի տակ և պահանջում էին խոսել բեյի հետ։ Զինվորների մի փոքրիկ խումբ, քյաթիբի պահանջով, մոտ եկավ ամբոխը ցրվելու, բայց ոչինչ չկարողացավ անել։ Քյաթիբը բարկությունից կորցրել էր իրեն. դեռ կայմակամին չէին իմաց տվել. քնել էր նա։