Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/557

Այս էջը հաստատված է

— Մեզ կտոր-կտոր կանեն, քյաթիբ էֆենդի,– արդարանում էր զինվորների գլխավորը,– բացի դրանից ինչպե՞ս հարձակվեմ ես կանանց վրա, ի՞նչ կասեն ինձ։

— Վախկոտ եք, յուզբաշի, վախկոտ եք,— ոռնում էր քյաթիբը։

— Իսկ դուք բոշա կանանց կատաղությանը հանդիպե՞լ եք,– արդարանում էր աստիճանավորը,– ո՞չ, ուրեմն չեմ ցանկանում, որ հանդիպեք… վագրեր են, գիտե՞ք, մի-մի վագրեր… և հետո, չէ՞ որ կանայք են. ե՞րբ է տեսնված, որ կանանց վրա զենքով հարձակվեն…

— Բայց կայմակամի հրամանն է այդ…

— Թող կայմակամը ինքը հրամայե… Մարդիկ հանդարտությամբ եկել ուզում են թեյի հետ խոսել, ինչո՞ւ չեք թողնում, դեմ չեն գնում զենք չունին. նրանց պահանջը միայն այն է, որ իրենց կեղտոտ մյուդրին պաշտոնից հանեք…

Դուք ինչո՞ւ եք խառնվում այդպիսի գործերի մեջ… 

— Աստված ոչ անի. ես ե՞րբ եմ խառնվում… միայն այսքան կասեմ ձեզ, որ ես զինվորներիս չեմ հրամայիլ հարձակում գործելու, հրամայեցեք ինքներդ, հրամայեցեք և հետևանքի համար էլ պատասխանատու եղեք։

Կայմակամն այդ միջոցին զարթնեց աղմուկից և սաստիկ վախեցավ, երբ իմացավ, որ 2—3000 բոշաներ, այն էլ կեսը կանայք, հավաքվել են դռան առաջ և ուզում են իրեն տեսնել։

— Ի՞նչ են ուզում ինձնից, ո՞ւր է քյաթիբը. շուտ քյաթիբին կանչեցեք։

— Ուղարկվեց կանչելու, բեյ,– ասաց ծառան,— բոշաներն էլ եկել են խնդրելու, որ իրենց մյուդիրին, այդ Արթենին հանեք պաշտոնից… - Ա՞յդ է բոլորը, դուրս ձգեցեք ուրեմն այդ շանը, բանտարկեք, կախեք դրան…

Բայց քյաթիբը վրա հասավ և կայմակամի հրամանների դեմն առավ։

—Բեյ էֆենդի,— մոտեցավ նա,— եթե այդ գյավուրների ասածը անեք այսօր, վաղն էլ ուրիշ բան կուզեն։ Ինձ իմաց տվին, որ եկել են հաշիվ պահանջելու, թե ով է իրանց աղջիկներն ու հարսները հափշտակել տվողը, իմացել են, որ դուք եք և…

Կայմակամը գունատվեց և վախից կարկամեց։

— Զինվա՞ծ են, քյաթիբ,— հարցրեց նա քիչ հետո,— զինվա՞ծ են, շա՞տ են։

— Ոչ, բեյ, վախենալու ոչինչ չկա. բայց հարկավոր է մի կերպ