վրա մարդ կա, թե պատն են ծակում և կամ թե խմբովին հարձակվել են լուսամուտների կողմից։
Գրեթե չէր քնում, առավոտ շուտով ելնում էր և պահապան զինվորների մոտ գնում։ Բարկանում էր մանավանդ, երբ տեսնում էր որ յուր թուրք կինը կամ զինվորները հանգիստ քնած էին։
Մի քանի դառն, անքուն օրեր անցնելուց հետո, քիչ հանգստացել բայց զգուշավոր լինելով, հսկողությունն ավելի շատացրեց, առատ նվերներ տվավ զինվորներին և պատվեր տվավ ոչ ոքի յուր մոտ չթողնել։
Բայց մի երեկո, երբ փողոց ելնելով, տեսավ, որ երկու զինվորներ փակել էին մի կնոջ դիմաց, չէին թողնում առաջանալու, իսկ նա գոռում էր.
— Բաց թողեք, ես մյադիրի կինն եմ։
Այդ ձայնը և խոսքերը սարսափեցրեցին Արթենին։ Մարգոն էր. կորսված և մեռած կարծված Մարգոն։
Մարգոն տեսավ նրան։
— Մարգո, այդ դո՞ւ ես,— կանչեց Արթենը։
— Ես եմ, Արթեն. ասա, որ թողնեն։
Արթենը հրամայեց զինվորներին կնոջը յուր մոտ թողնել, և Մարգոն մոտեցավ ամուսնուն։
— Բարև, Արթեն,- ասաց նա ծիծաղելով,– տունդ այնքան անապահով է, որ պսուներով ես պահպանում…
Ու այր և կին դրանից հետո լռելյայն քայլեցին մինչև տուն։
— Լսել եմ,— շարունակեց Մարգոն որ մի պսու կին ես ներս բերել, ու անպատվեցիր հորս օջախը և իմ օջախը։ Պետք է մաքրել այդ. այո, երկուսն էլ պետք է մաքրել… ներս մտիր։
— Ինչպե՞ս, Մարգո,— զարմացավ Արթենը,— ուզում ես մտնե՞լ։
— Այո… բայց առաջ դու մտիր և այդ պսու կնոջը դուրս շպրտիր… առաջ գնա. շո՜ւտ։
Եվ այնպես հրամայական ու սպառնալից էր ձայնր, որ Արթենը ակամայից հնազանդվեց, տուն մտավ և կնոջը հոր տուն ուղարկեց։
Մարգոն արհամարհանքով ու զզվանքով նայեց շեմքից դուրս եկող թուրք կնոջը, հետո հաղթական՝ ներս մտավ և մոտեցավ թոնրին։
Այնտեղ արդեն խիստ կրակ էր վառված, և բոցը բարձրանում էր մինչև բերանը։
— Պղծված է,– ասաց Արթենին դառնալով,— ես պիտի մաքրեմ։
Հետո հանկարծ անկյունը դրեց մահակը, մոտ գնաց ամուսնուն, բռնեց նրա ուսերից, թոթվեց և ասաց.