Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/564

Այս էջը հաստատված է

— Շատ իզուր ես եկել,— ծիծաղեց Արթենը հեգնորեն,— ե՞ս մյուգիրությունս թողնեմ. այսքան թանկ գնով ձեռք բերված պաշտոնը թողնել…

— Այո, այդքան ցածություններով ձեռք բերած պաշտոնդ… Լսիր, Արթեն, մի՞թե իսկապես չզզվեցիր արածներիցդ, մի՞թե չձանձրացար այդ ստոր, լիզող դիրքիցդ… Թող, եկ գնանք ինձ հետ… ես քեզ կներեմ, կմուրամ, կթափառեմ, քեզ կպահեմ, քեզ կսիրեմ, որդիներդ մոտներս կառնենք, կերթանք հեռու մի տեղ ապրելու, և այնտեղ արածներդ կքավես… Լսիր, Արթեն. ես դեռ չեմ պառավել բոլորովին. դեռ իմ մեջ կյանք կա, թուրք կնոջից ավելի կյանք. այդ բոլորը քեզ կնվիրեմ, քեզ համար կգործեմ, միայն քեզ համար կմտածեմ. գնանք, Արթեն, գնանք, զավակներդ առնենք և ձեոք-ձեռքի տված հեռանանք այս երկրից հեռու, սարեր ու ծովեր հեռու…

Եվ Մարգոն, այդ ասելով, հուզված մոտ էր գնացել ամուսնուն և մի ձեռքով գրկել էր վիզը։

Արթենը դեմքը կնճռեց, լսեց մինչև վերջ, հետո ցնցվեց, ազատվեց կնոջ գրկից և գոչեց.

— Գնա բանիդ, տխմար, եկել ես ինձ խաբելո՞ւ, իմ փառավոր կյանքը թողնեմ և գնամ բոշայի կյա՞նք վարեմ… Գնա, գնա որտեղից եկել ես, ես լոմ չեմ այլևս…

— Լոմ չե՞ս,— զոչեց Մարգոն—լոմ չե՞ս, ուրեմն պսո՞ւ եղար բոլորովին և արածներիդ վրա էլ չես զղջում…

Հետո մի ակնթարթ կծկված, կատաղի աչքերով նայեց ամուսնուն, և երբ սա վախեցած ուզում էր ետ քաշվել, վագրի պես ոստնեց նրա վրա, փռեց գետնին, չոքեց կրծքին և հագուստի տակից հանկարծ դաշույնը խրեց կուրծքը…

Լսվեց մի խռխռոց, մի աղաղակ։ Արթենը բուռն ճիգով ուզեց շարժվել, բայց գնչուհին, որ կատաղի էր դարձել, մի մեծ ճիգով հրեց նրան և նետեց թոնրի բոցերի մեջ։ Հետո վեր թռավ և դուրս սլացավ տնից…

Զինվորները ապշած նայեցին այդ հերարձակ, արյունոտ, ու փոշոտ կնոջը, որ գոռալով անցավ նրանց առջևից և վազնիվազ անհետացավ։

— Մյուդիրի կինն է, երևի մի լավ ծեծ է կերել ամուսնուց…— ծիծաղեցին նրանք։ Բայց քիչ հետո քթին հասնող կծու հոտը ստիպեց նրանց տուն մտնել և տեսնել թոնրի բոցերի մեջ այրվող մյուդիրի մարմինը…