Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/570

Այս էջը հաստատված է

Օդիշուի աչքերը, դեմքն ու քնքուշ իրանը, վայելուչ հասակն ու գողտրիկ բերանը ավելի հիանալի էին, ավելի պայծառ, ավելի այրող և ավելի հմայող…

Երգեցին, պարեցին և հավաքեցին ամբողջ օրը։

Երեկոյան դեմ կանգ առին նրանք Շեյխ Սատոյի պալատի առաջ։

— Օդիշու,— խոսեց Նագին,— այս տան տերը մեծահարուստ մարդ է երևում։ Գործադրիր բոլոր ճարպկությունդ և արհեստդ։ Այնտեղ մերոնք հացի են սպասում։

Եվ երգեցին։

Օդիշուն մատերին անցկացրեց ծնծղաները․ Բահարը ցնցեց թմբուկը։

Լռեց այնուհետև Շեյխի կնոջ թասը։ Շեյխն ինքը շարժվեց, գլուխը լուսամուտից դուրս հանեց և երկար ականջ դրեց։

Լսում էին ամենքը, ամբողջ թաղը։ Օդիշուն կարմրել էր նոր բացված շքեղ վարդի պես։ Կոտրտվում էր նա դյութիչ նազանքներով, սահում գետնի վրա, սավառնում՝ թևերը գալարելով, և Նազին ու Գյուլին երգում էին մեծ ոգևորությամբ։

Նրանք երգում էին լոմերի սիրած երգը․—

Անցի՛ր, գարուն, անցի՛ր, լուսին.
Օգուտ չունիք խեղճ լոմին,
Լուսին լինի և կամ մթին,
Լոմը ե՞րբ է կյանք տեսել։
Անցի՛ր, գարուն, անցի՛ր, լուսին․
Դաշտը՝ իր տուն, լեռը՝ իր բուն,
Տանջվում է լոմն օրնիբուն.
Փոքրիկ կարպետն է իր անկողին,
Մի կուց էլ ջուր չնչին բաժին…
Անցի՛ր, գարուն, ծածկվի՛ր, լուսին,
Ինչ օգուտ խեղճ լոմին…


Շեյխը մի ոսկի նետեց իր աշտարակից և բարեհաճեց հարցնել պարող գնչուհու անունը։

Հետո երկու ծառա մոտեցան նրանց և հայտնեցին, թե «մեծանուն Շեյխը» կամենում էր, որ գնչուները պալատ մտնեին և ավելի մոտ ցույց տային իրենց վարպետությունը։

Օդիշուն, Նազին ու Գյուլին խնդրեցին Բահարին, որ հավաքածները տաներ օազիսում սպասող խմբին, իսկ իրենք, ավելի մեծ վարձատրության հույսով՝ մտան պալատ։

Մյուս օրը միայն օազիս վերադարձան Նազին ու Գյուլին։

Օդիշուն չկար։