Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/572

Այս էջը հաստատված է

Պատճառը այն էր, որ լոմերից մեկը սիրել էր մի մեծավոր պարսիկի աղջկա, փախցրել էր նրան, իհարկե, աղջկա համաձայնությունով, և ահա այնուհետև ամեն իրանցի իրավունք էր համարում վրեժ հանել ամեն հանդիպած լոմից։

Լոմերը երկար դիմացան, բայց, վերջապես, երբ տեսան, որ հալածանքն ավելի սաստկանում է, ժողովվեցին, մի քանի մեծ խմբեր կազմեցին և վճռեցին գաղթել օսմանցոց երկիրը։

Գաղթելուց առաջ, սակայն, ուղարկեցին նրանք իրենց ծերերից երկուսին՝ Հասանի մոտ։

Հասանը չուզեց ընդունել նրանց․ բայց իմաստուն էլ-Մուինը հորդորեց երիտասարդին լսել բոշա ծերունիներին։

Երկու իշխան-բոշաները սենյակ մտան և չոքեցին դռան մոտ։ Վերի կողմը նստել էր ալևոր էլ-Մուինը և նրանից քիչ ցած՝ Հասանը, որ զարմացած նայում էր հյուրերին և սպասում։

Բոշաները փոքր-ինչ լռեցին։ Հետո նրանցից մեկը շփեց մորուքը և խուլ ձայնով ասաց երիտասարդին.

— Լոմ–Հասան, քո ցեղիդ ծերունիները քեզ մոտ են եկել ամբողջ ցեղիդ կողմից։ Ուզո՞ւմ ես ականջ դնել նրանց։

Հասանը ոչինչ չէր հասկանում։

— Ես Լոմ-Հասան չեմ կոչվում,— ասաց նա,— այլ Հասան էլ-Մուինի։ Ինչի՞ մասին եք խոսում դուք ինձ։

— Մենք,— խոսեց երկրորդ ծերունին,— բոշաների, այսինքն՝ լոմերի երկու ամենածեր իշխաններն ենք և եկել ենք լոմ Օդիշուի որդի լոմ Հասանի մոտ։ Արդյոք Հասանը հիրավի չգիտե, որ նա լոմի զավակ է… լոմերն Իրանում այլևս օր չունեն, նրանց հանգիստ չեն թողնում։ Այլևս հաց չկա նրանց այս երկրում։ Պիտի գաղթեն նրանք, այդպես է ցեղի միահամուռ վճիռը․․․ Մեզ ցեղը ուղարկել է լոմ Հասանի մոտ ասելու, որ նա թող գա և աոաջնորդե նրանց։ Հասանը երիտասարդ է, քաջ կռվող, գիտուն և իմաստուն։ Լոմերը ցանկանում են, որ Հասանը օգնե իր ցեղին իր գիտցածներով և, դառնալով նրանց գլխավորը, սովորեցենի մնալ ազատ և երջանիկ․․․ Լոմ-Կադիրը ասաց՝ ինչ որ պատվիրել էր նրան իր ժողովուրդը։

Ու Լոմ-Կադիրը լռեց։

Հասանը խոսել չկարողացավ։ Մեկ բոշաներին էր նայում և մեկ գունատ պապին։

Վերջապես Էլ-Մուինը շարժվեց և խոսեց այսպես.

—Լսիր, իմ Հասան, թե ինչ կասե քո պապը՝ Էլ-Մուինը։ Ոչ մի անգամ նրա բերանը չէ ստել, և, փառք ալլահին, նրա գլուխը գիտե դեռ