Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/577

Այս էջը հաստատված է

Ու սիրում էին Խաթ-Սաբային ամենքը. սիրում և պատկառում նրանից։

Ոչ ոք չիմացավ, թե ինչպես էր կորել նրա մի աչքը: Մի օր պառավը ցուպը ուսին՝ անհետացել էր, և երկու օր ոչ մի լուր չէր եղել նրանից։ Երկու օրից հետո վերադարձել էր նա՝ ձախ աչքը կապած մի շորով:

Մի ամսից հետո շորը բացվել էր, և նրա տակ երևան եկել կույր աչք՝ մի սև փոս…

Երբ հարցրել էին, պառավը սպառնալից նայել էր հարցնողին և գոռացել.

— Ձեզ ի՞նչ։ Միայն Լոմ-Հասանը կարող էր Սաբայից հաշիվ պահանջել, և Լոմ-Հասանը այժմ չկա…

Ու ամենքը ստիպվել էին լռել։

5

Երզրումի Ղավազի դուռ կոչվող թաղում, հայոց Մայր եկեղեցուց քիչ ցած, գտնվում են մի շարք տներ, որոնցից միայն մեկն էր երկհարկանի սրանից տարիներ առաջ։

Երկհարկ այդ տունն իսկ այլանդակ բան էր։

Առաջին հարկի արտաքին պատերի վրա գունդ-գունդ ծեփված կային աթարի կտորներ. իսկ երկրորդ հարկի ոչ լուսամուտը փեղկ ուներ և ոչ էլ փողոցի վրա նայող դուռը։

Երևում էր, որ տերը կիսատ էր թողել: Ունեցել էր միայն քար։ Փայտյա մասը պակասում էր Լիովին։

Բնակություն կար, հետևապես, միայն ներքին հարկի մի միակ ընդարձակ սենյակում։

Միանգամայն ամեն ինչ էր այդ սենյակը,— մառան, թոնրատուն, ննջարան, ճաշարան և փայտանոց։ Մինչև իսկ մի անկյունը ախոռ էր դարձրած և այնտեղից մեկ-մեկ հնչում էր էշի զիլ զռոցը։

Սենյակի մեջտեղ թոնիրն էր. քիչ հեռու՝ բարձր թախտ, ապա՝ ալյուրի մեծ դարանը, ավելի հեռու՝ կարասիներ, դիզած ցախ, միմյանց վրա կիտած լավաշ հաց։

Գետնի վրա՝ մերկ մանուկներ, ջրաման, ավել։ Բոլորը խառնվել էին միմյանց։

Թոնիրը վառում էր կարմիր շալե գոգնոց կապած մի կին, որ գոգնոցովը հովհարում էր դեպի թոնիրը, ապա անցուդարձ անում կահ-կարասիքի միջով, ձեռքերով ծխալից աչքերի արցունքը սրբում, կիցերով