Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/58

Այս էջը հաստատված է

հասնող այդ կատաղի մռնչյունին հետևեց մի մարդկային երկար սրտապատառ աղաղակ, ապա մի քանի հրացանաձգություն:

- Մի դժբախտություն… — գոչեց երիտասարդը, վազելով ձայնի կողմը, – առյուծի մռնչյուն էր դա։

Եվ աշխույժով դեմ գնաց դեպի նրան եկող ծառան։

Օազիսի խորքում, ծառերի հովանու տակ, կար մի խոր ընկած աղբյուր: Անապատի բնակիչները գիտեն, որ այդպիսի աղբյուրների մոտ հավաքվում են երբեմն անապատի գազանները, իրենց ծարավը հագեցնելու կամ պարզապես զովություն ունենալու համար, և երբ երեք ծառաներ լավ զինված՝ իջել էին ջուր վերցնելու, աղբյուրի մեջ գտնվող մի վիթխարի առյուծ հարձակվել էր նրանց վրա, տապալել մեկին, ճանկերը մղել նրա մեջքի մեջ և անշուշտ պիտի պատառոտեր, եթե մյուսները չաղաղակեին և գնդակ չտեղային նրա վրա։ Մի քանի գնդակ թիկունքում՝ առյուծը դուրս էր ցատկել և անհետացել՝ թողնելով իր զոհին գետնի վրա արյունաշաղախ։

Հազիվ թե ծառան պատմել էր այդ, որ երիտասարդ բնագետը արագությամբ դարձավ իրենց նստած տեղը, կորզեց մի փոքրիկ արկղ և գոչեց ծառային.

- Շուտ աոաջնորդիր ինձ դեպի վիրավորը:

Եվ երեք ճանապարհորդները գրեթե վազելով իջան աղբյուրի խորքը։ Այնտեղ, գետնի վրա տարածել էին վիրավորին և մի քանի ծառաներ, հանած նրա շորերը, վերքն էին լվանում։

- Շատ լավ եք արել,— ասաց երիտասարդը,— մնացածը թողեք ինձ:

Հետո չոքեց վիրավորի մոտ, ափով ջուր հանեց աղբյուրից, շարունակեց խնամքով լվալ, արկղիկից դուրս բերեց դեղեր, դադարեցրեց արյունհոսությունը, կապեց փաթաթեց վերքը, և երբ վերցրին վիրավորին վրանը տանելու, գնաց նրա ետևից ու նստեց սնարի մոտ։

Ու մոռացավ այնուհետև հորը, իմաստունին և ուշադրությունը կենտրոնացրեց միմիայն վիրավորի վրա։ Եվ նրա դեմքը արտահայտում էր խնամքոտ հոգատարություն. ճակատի վրա ակոս կազմեցին արգահատական խորշոմներ, և նա, բժշկական մի գիրք բաց արած, կարդում էր, նորից կրկնում այդպիսի վերքեր դարմանելու խրատները։

Միայն երբ ծերունի հայրը հարցրեց, թե ինչպես կլիներ հիվանդը, պատասխանեց.

- Վտանգավոր է, եթե տաքությունը բարձրանա…

Եվ այլևս չնայեց նրանց, մոռացավ նրանց գոյությունը:

Այն ժամանակ ծերունին դարձավ իմաստունին և ասաց.