Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/583

Այս էջը հաստատված է

— Այդ ի՞նչ այլանդակ անուն է,— գոչեց բեգը։

— Զարմանալի անուն, — վրա տվավ գրագիրը։

— Անասունի անուն է,— ավելացրեց հարկահավաքը, դրանց ցեղապետը կամ մի շուն կլինի և կամ էշ… Սրանք հայ-բոշաներ են:

Ու բոշաները կանգնած խմբովին՝ խոնարհաբար լսում էին այդ ամենը:

— Ապա՞…— ծիծաղեց բեգը և ճաշակեց կարագը, որ մի զափթիե, մտրակի հարվածների շնորհիվ, գտել էր մի վրանից. — ապա՞, ասեք տեսնենք, ձեր ցեղապետը ի՞նչ տեսակ ջանավար է։

— կին է, — ասաց ծերունին։

— Կի՞ն,— գոչեց բեգը զարմացած։

— Կի՞ն, առանց բեղերի՞, շրջազգեստով կի՞ն,– խոսեց գրագիրը և բերանը բաց մնաց։

— Հետաքրքիր է,— դիտեց հարկահավաքը։

Ու լռեցին, որովհետև բեգն էլ լռել՝ կարագ էր ուտում ու մի կողմից զննում բոշաներին։

Զինվորներն այդ միջոցին ձիերիցը իջել, ոտները կապել ու արածելու էին թողել վրանների առաջ։ Իրենք վրանից վրան մտնում և ուտելու թան էին որոնում։

Եվ երբ չգտան, ստիպված եղան իրենց պայուսակից հանել հաց ու պանիր և անոթի բոշաների առաջ նստել-ուտել։

Այդ միջոցին բեգը ամբողջովին զբաղված էր կարագով։ Ուտում էր և ասում.

— Համով կարագ է… Սրանց տավարները երևի շատ լավ կաթ են ունենում։

— Ծաղիկ է կերածնին, էֆենդմ,— նկատեց հարկահավաքը։

— Երևի բավական տավար կունենան,— մեջ մտավ գրագիրը… նախ կովեր ու ոչխարներ։ Սա ոչխարի կարագ է։ Հետո՞ կունենան ձի, էշ կամ ջորի, վրաններ ունին և անշուշտ իրենք չեն այդքան բեռը տեղից տեղ փոխադրողը…

Բեգը, կարծես գմայլմամբ, նայում էր իր գրագրին։

— Աֆֆերիմ, սիրելիս.— գոչեց նա.— հետո՞, հետո՞:

- Հետո, էֆենդըմ, կունենան նաև եզներ. ես այնտեղ, ցածում 2-3 սայլ տեսա

— Ապա՞, ի՞նչ կասեք սրան, բոշաներ.— դարձավ բեգը կանգնած ծերունիներին.— ավելի լավ է ճիշտը խոստովանեցեք, թե չէ՝ գրագիրս մեկ-մեկ կհաշվի ձեր բոլոր ունեցածը։

— ճշմարիտ է, էֆենդի,— ասաց մի բոշա,— ունեինք մոտ 20 ոչխար,