Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/585

Այս էջը հաստատված է

Հիսնապետը ծիծաղը դեմքին դուրս ելավ վրանից, և քիչ հետո զինվորները հրացան ի բռին՝ շղթայի նման շրջապատեցին վրաններն ու սկսեցին կամաց-կամաց շղթան սեղմել:

Եվ ահա ամեն ինչ խառնվեց միմյանց։ Այլևս հիսնապետը չկարողացավ իր ճիչերովը կարգուկանոն պահպանել: Թալանի տենչը զինվորներին մղեց դեպի վրանները։

Ու սկսեցին տակն ու վրա անել նրանք ինչ որ գտան։ Ուղղակի մերկացնում էին տղամարդկանց, կանանց հագուստների մեջ էին սպրդեցնում իրենց կեղտոտ ձեռքերը և գարշելի ժպիտով ժպտում նրանց արձակած ճիչերի վրա…

Հարկատուն էլ իր գործն էր տեսնում։ Արձանագրում էր, որ հետո կեսը պահանջի գոնե։

Բոշաները սոսկումը կրծքերում փախչում էին այս-այն կողմ, զինվորների հրացանների կոթերից մղված, նորից ետ գալիս, մանուկների վայնասունը կանանց ճիչերի հետ՝ սարահարթ էր բռնել, իսկ բեգը կանգնել վրանի առաջ՝ ծիծաղում էր։

Գրագիրը ոչ միայն արձանագրում էր անձերին, այլև հրամայում էր դատարկել վրանները։

Սկսեցին դեզեր կազմել կաթսաներ, կապերտներ, բարձեր… Զինվորները կոպտաբար բռնում էին աղջիկներին, պոկոտում նրանց վրայից որևէ զարդ, որևէ լավ շոր, կոշիկ, թաշկինակ…

Մի զզվելի խառնուրդ, մի սոսկալի ու վայրենի խառնուրդ էր այն։

Մինչ այդ, գրագիրը, որ ուշադրությամբ զննում էր ամեն կնոջ դեմք, հանկարծ մոտ կանչեց երկու զինվորի, ցույց տվավ վրաններից մեկից դուրս ելնող մի աղջկա և ասաց.

— Բռնեք դրան և բեգի վրանը տարեք…

Ու զինվորները վազեցին դեպի աղջիկը։

Բայց երևի նրանք բոշա կնոջ ինչ լինելը չգիտեին դեռ։ Ենթադրում էին, որ հեշտ էր բռնել աղջկան։

Հանկարծ աղջիկը գլխի վրա պտտեցրեց ձեռքի ցուպը, ապա իջեցրեց երկու անգամ, և զինվորները օգնության աղաղակը բերաններին՝ փռվեցին գետնին։

Այդ անակնկալը այնպես հանկարծակիի բերավ ամենքին, որ մի րոպե կանգ առին թալանն ու հետապնդումները։ Բոլոր զինվորները սառած մնացին, գրագիրը գունատվեց և բնազդաբար ետ-ետ քաշվեց։

Մինչ այդ, աղջիկը, որ մի գեղեցիկ մատղաշ արարած էր, ժողովեց փեշերը, գունդ արավ մեջքի շուրջը, թևերը սոթտեց և գոչեց վրանների առաջ կիտված բոշաներին.